Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան․ «Պիտի թույլ չտանք, որ սա օգտագործվի քաղաքական ակտիվիզմի դեմ»


Ոստիկանները բերման են ենթարկում նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասնակիցներին

Ոստիկանները բերման են ենթարկում նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասնակիցներին

Նման զարգացում թույլ չտալու և կատարվածի հանգամանքները պարզելու համար Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները երեկոյան այցելել էին Կենտրոնի ոստիկանություն:

Երևանի Մաշտոցի պողոտայում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո, երեկոյան Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը այցելել էին Կենտրոնի ոստիկանության բաժին և զրուցել Կենտրոնի ոստիկանապետի հետ:

Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկացել են հանդիպել բերման ենթարկվածների հետ:

«Ինքը [կենտրոնի ոստիկանապետը] մեզ բացատրեց, որ բացի հակաիրավական գործողություն կատարած մարդկանց, կան նաև մարդիկ, որոնց հրավիրել են իբր որպես ականատես: Ֆորմալ առումով համարենք, թե դա հնարավոր է, բայց մենք, բնականաբար, չենք կարող այս ամեն ինչը հալած յուղի տեղ դնել և ընդունել, և, բնականաբար, պահանջել ենք նաև հանդիպում մարդկանց հետ: Պատճառաբանելով ինչ-որ խնդիրներ՝ կապված այդ գործողությունների անցկացման հետ՝ հետաքննական և այլն, մեզ խնդրել է կես ժամ կամ մի ժամ մոտավորապես ժամանակ, որի ժամանակ այդ հանդիպումները կկազմակերպվեն», - փոխանցեց Զուրաբյանը:

Ոչ մեկ, ոչ էլ մեկուկես ժամ հետո պատգամավորները չկարողացան հանդիպել բերման ենթարկվածներին:

Միջադեպին գնահատական տալու լրագրողների խնդրանքին ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանը ասաց․ - «Ինձ համար շատ տարօրինակ ու անհասկանալի գործողություններ կան և՛ որոշ ցուցարարների կողմից, և՛ ոստիկանության կողմից, և ոչ մի դեպքում պիտի թույլ չտանք, որ այս սադրանք ասեմ, թե այս ինցիդենտ ասեմ՝ օգտագործվի քաղաքական ակտիվիզմի դեմ: Որովհետև ես վստահ եմ, որ եթե ոչ նախնական նպատակ՝ դա դեռ կպարզենք, բայց գայթակղություն իշխանությունները հաստատ ունեն, եթե ոչ ծրագրավորված գործողություն՝ այս ամենը ուղղել խաղաղ քաղաքական ակտիվիստների դեմ»:

«Նման զարգացում թույլ չտալու և կատարվածի հանգամանքները պարզելու համար ենք այստեղ», - հավելեց Զուրաբյանը:

Ի դեպ, այդ ընթացքում ոստիկանության Կենտրոնի բաժին այցելեց նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով մինչ այդ եղել էր մայրաքաղաքի հիվանդանոցներում, տեսակցել միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկաններին:

Լրագրողների հետ զրույցում Զուրաբյանը ասաց, որ Գասպարյանի ժամանելուց հետո ոստիկանների պահվածքում ակնհայտ փոփոխություն են նկատում․ - «Այսինքն, առաջինը՝ նույն բաժանմունքի նույն պետը, ըստ էության, հրաժարվում է հիմա պատասխանել մեր հարցերին, նա խախտել է արդեն այդ երեք ժամվա ժամկետը, ոչ մի բացատրություն չի տրվում, թե ինչու երեք ժամ հետո ոչ հայտնում են մեզ ձերբակալության որոշման մասին, ոչ էլ մարդկանց բաց են թողնում: Ակնհայտ է, որ ուղղակի օրենքի խախտում է, ակնհայտ է նաև, որ հիմա կարծես գնում են հենց այդ սցենարով, որ նաև այն մարդկանց, որոնք իրավական խախտումներ չեն կատարել, ուզում են ձերբակալել: Սա լուրջ մտահոգություն է հարուցում, և կարծես ոստիկանությունը ուղղակի հիմա ավելի շատ քաղաքականացնում է իրավիճակը»:

Ըստ Լևոն Զուրաբյանի, բերման ենթարկվածներից երեքը Հայ ազգային կոնգրեսից են: «Մենք փաստաբան ենք ուղարկել, որը կզբաղվի կոնկրետ մեր երեք ակտիվիստի գործերով, բայց ասում եմ՝ մենք նույնքան հստակ ձևով հարցը դնում ենք բոլորի համար՝ բոլոր այն ակտիվիստների համար, որոնք առանց որևէ պատճառի, կրկնում եմ՝ առանց որևէ պատճառի, առանց որևէ հակաիրավական գործողության իրենց կողմից, այսօր, ըստ էության, օրենքի խախտումով հիմա պահվում են այս ոստիկանությունում», - նշեց նա:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կեսգիշերից հետո մի քանի ժամ մնաց ոստիկանության Կենտրոնի բաժնում: Իսկ դրանից առաջ բաժնից դուրս եկած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց հավաքված ակտիվիստներին հեռանալ բաժնի մոտակայքից:

«Քրեական գործ կա հարուցված, կխնդրեմ իզուր տեղը չսպասեք, համապատասխան քննչական գործողություններ են տեղի ունենում ոստիկանության բաժնում, ձեր այստեղ մնալը՝ չեմ տեսնում, որ միտք կա», - ասաց Օսիպյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին, որ բախումների փաստի առիթով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Չորեքշաբթի առավոտյան Հայաստանի ոստիկանությունը հաղորդեց, որ բերման ենթարկված 38 անձանցից ձերբակալվել են 20-ը:
XS
SM
MD
LG