Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 6-ի մամուլ


Երևանյան մամուլը լայնորեն անդրադառնում է երեկվա միջադեպին:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է․ - «Բահի կոթերով ու «Մոլոտովյան կոկտեյլներով» զինված մի քանի տասնյակ դիմակավորված երիտասարդներ փողոց էին ելել և կարծում էին, որ իրենց կհաջողվի իրականացնել այն, ինչ չկարողացան անել ընդդիմադիր ուժերը, ՀՀ նախագահի թեկնածուներն ու բողոքական զանգվածը միասին վերցրած: Սակայն երեկվա միջադեպը մի բանի մասին է հաստատապես վկայում. հանրությունը փոփոխությունների կարիք ունի: Նա դժգոհ է իր գոյավիճակից, երկրի քաղաքական իշխանությունից և բոլոր հնարավոր, անգամ ամենաանհեթեթ եղանակներով, փորձում է ինչ-որ բան փոխել երկրում: Այս անգամ չստացվեց, գուցե հաջորդն էլ անհաջող լինի, բայց վաղ թե ուշ մարդիկ գտնելու են հեղափոխություն անելու ճանապարհը, և այդ ժամանակ այլևս ոչ մի ոստիկանություն չի փրկրի»:

Թեման շարունակում է «Ժողովուրդ»-ի խմբագիրը․ - «Իհարկե, երկրում առկա ծանրագույն սոցիալական վիճակն ի վերջո կարող էր հանգեցնել նման ընդվզման կամ ինքնաբուխ պոռթկման, սակայն ոչ ամենևին այն տեսքով և ոչ ամենևին այն մարդու առաջնորդությամբ, ով երեկ մի խումբ «դուբինկայավոր» կողմնակիցների հետ փորձեց երթով գնալ Բաղրամյան 26-ը գրավելու»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գնահատում է․ - «Արկածախնդրություն: Գուցե արկածախնդրության խորանարդ աստիճան: կամ էլ՝ բազմամարդ խուլիգանություն: Ինչ էլ ասվի, դժվար է ամբողջական բնորոշել Շանթ Հարությունյանի հրահրած շիլաշփոթն ու այլանդակությունը, որ երեկ տեղի ունեցավ Երևանի կենտրոնում: Եվ ի՞նչն է աչք ծակում․ Շանթ Հարությունյանը նախապես չէր էլ թաքցնում, թե ինչ է մտադիր անել»:

«Հայկական ժամանակ»-ի զրուցակիցը Շանթ Հարությունյանի կինն է՝ Ռուզաննա Բադալյանը: «Սոցիալական խնդիրներն ամենաքիչն են Շանթին հետաքրքրել: Սոցիալական խնդիրների համար չէ, որ նա այս ամենն արել է: Նրա խնդիրն է՝ երկրում կարգ ու կանոն հաստատել և բազմիցս է ասել, որ բռնապետությունը վերացնելու խնդիր կա, որ այսպես կոչված ընդդիմությունները տարբեր ձևերով փորձել են դա անել՝ չգիտեմ ինչ մեթոդներով: Հիմա ինքն էլ, քանի որ ասում էր՝ իմ կյանքն անիմաստ է այդպես ապրելով, ավելի լավ է պայքարել: Հույս ուներ, հավատ ուներ, որ հնարավոր է խաղաղ ճանապարհով ինչ-որ ժամանակ երթեր անի: Մահակներով զինված են եղել, բայց գժտությունների նպատակ չի եղել, ուղղակի ինքնապաշտպանության միջոց է եղել իր համար: Միայն մի բան գիտեմ, որ ուզում էր խաղաղ ճանապարհով մեծ զանգվածներ հավաքել ու հեղափոխություն անել»:

«Չորրորդ իշխանություն»-ը նկատում է․ - «Երեկվա իրադարձությունների ժամանակ ակտիվ էին այն «քաղաքացիական ակտիվիստները», որոնք «աճեցվել» են նախագահականում, ովքեր բացառապես հայտնվել են այն «պրոյեկտների» մեջ, որոնք մշակված են եղել Բաղրամյան 26-ում: Այս «քաղաքացիական ակտիվիստներին» լայն հասարակությունը չի էլ ճանաչում: Նրանց անունները ոչինչ չեն էլ ասի ֆեյսբուքից դուրս ապրող մեր հայրենակիցներին: Բայց սրանք այն տարրերն են, որոնք կարող են փչացնել ամեն ինչ․ նրանց հայտնությունը իքս միջավայրում կամ ակցիայի շրջանակներում նշանակում է, որ գործընթացը վերահսկելի է դարձել, և ուրեմն՝ կանխատեսելի է դարձել դրա ավարտը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ - «Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով և պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում և ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)՝ վատ է, դատապարտելի է: «Գմփցնելու» կոչեր անողը կամ հոգեկան հիվանդ է, կամ սադրիչ, կամ ծայրահեղ արկածախնդիր: Մարդիկ վախենում են այդ պարզ ճշմարտությունն արտաբերել, որովհետև վախենում են, որ իրենց կմեղադրեն «իշխանությանը ծառայելու» մեջ: Քաղաքական ուժերը նույնպես դա չեն ուզում դատապարտել՝ վախենալով կորցնել իրենց «ընդդիմադիր դիվիդենդները»: Լավագույն դեպքում կասեն՝ դե, ինչ արած, այս ռեժիմը ժողովրդին հասցրել է ծայրահեղ վիճակի, և այդ պատճառով հնարավոր են ահա այսպիսի դրսևորումներ: Այդ տրամաբանությամբ կարելի է արդարացնել նաև Նաիրի Հունանյանի «դրսևորումները»»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG