Մատչելիության հղումներ

Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն նոյեմբերին


Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Քիշնևում, 8-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Քիշնևում, 8-ը հոկտեմբերի, 2009թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր հայտարարություն են տարածել՝ տարածաշրջան կատարած այցի ավարտին, ըստ որի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել այս ամիս՝ շուրջ երկու տարի շարունակված դադարից հետո։

«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են իրենց պատրաստակամությունը հանդիպել 2013 թվականի նոյեմբերին՝ հստակեցնելու իրենց դիրքորոշումները խնդրի կարգավորման շուրջ և քննարկելու առաջ շարժվելու հնարավորությունները», - հայտարարում են միջնորդները։

Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Ժակ Ֆորը նաև նշում են, որ կշարունակեն աշխատել առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածությունների վրա, և կոչ են անում կողմերին զսպվածություն ցուցաբերել տեղում, ինչպես նաև իրենց հրապարակային հայտարարություններում։ «Ցանկացած ռազմական գործողություն, հատկապես այս պահին, կարող է դիտարկվել որպես խաղաղ գործընթացը խաթարելու փորձ», - ընդգծում են համանախագահները Երևան և Բաքու կատարած հերթական այցի ավարտին։

Ավելի վաղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում հայտարարել էր, որ Հայաստանում ու Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո «հնարավորությունների պատուհան է բացվել՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG