Մատչելիության հղումներ

Եվրամիությունը վերսկսում է բանակցությունները Թուրքիայի հետ


Բելգիա - Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը Բրյուսելում, 5-ը նոյեմբերի, 2013թ․
Բելգիա - Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը Բրյուսելում, 5-ը նոյեմբերի, 2013թ․

Բրյուսելում երեկ ազդարարվեց բանակցային փաթեթի 22-րդ գլխի` «Տարածաշրջանային քաղաքականության» շուրջ բանակցությունների մեկնարկը:

Պաշտոնական Բրյուսելը վերսկսում է տարիներ առաջ սառեցված բանակցությունները Թուրքիայի հետ` Եվրամիությանը այդ երկրի անդամակցության շուրջ:

Երեքշաբթի օրը Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն ու Թուրքիայի կառավարական պատվիրակության անդամները` եվրոպական հարցերի գծով նախարար Էգեմեն Բաղիշի գլխավորությամբ, Բելգիայի մայրաքաղաքում ազդարարեցին բանակցային փաթեթի 22-րդ գլխի` «Տարածաշրջանային քաղաքականության» շուրջ բանակցությունների մեկնարկը:

Այս ոլորտում Անկարայի և Բրյուսելի միջև բանակցությունները սառեցվել էին ավելի քան 6 տարի առաջ` 2007 թվականի ամռանը:

Էգեմեն Բաղիշը երեկ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պնդում էր․ - «Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հարցը առավելապես քաղաքական կամքի երկկողմ դրսևորման, այլ ոչ թե բանակցությունների խնդիր է»:

«Ես գիտեմ, որ Արևելյան Գերմանիայի 18 միլիոն բնակիչները մեկ գիշերում, առանց բանակցությունների դարձան Եվրամիության իրավահավասար քաղաքացիներ, քանի որ առկա էր քաղաքական կամք: Ես կարող եմ նաև ասել, որ Թուրքիայում այսօր այդ քաղաքական կամքն առկա է: Համոզված եմ` Եվրամիությունը ունի Թուրքիայի կարիքն առնվազն նույնքան, որքան Թուրքիան զգում է Եվրամիության կարիքը», - պնդում էր թուրք նախարարը` հատուկ ընդգծելով․ - «Այսօրվա Թուրքիան շատ ավելի մոտ է Եվրամիության չափանիշներին, քան 1959 թվականին, երբ մեկնարկեց անդամակցության գործընթացը»:

Թուրքական կողմն ու եվրոպացի պաշտոնյաներից շատերը չեն թաքցնում այն իրողությունը, որ Եվրամիության հետ բանակցություններում արձանագրված այս չափավոր առաջընթացը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Նիկոլա Սարկոզիին փոխարինեց Ֆրանսուա Օլանդը:

«Նախագահ Օլանդը, որին մենք երախտապարտ ենք, վերացրեց բանակցային այս մի գլխի վրա սահմանված արգելքը: Դրան գումարած՝ թուրք - ֆրանսիական հարաբերությունները այսօր բարգավաճում են: Բազմաթիվ ֆրանսիական ընկերություններ այսօր օգուտներ են քաղում տնտեսական այն նոր դարաշրջանից, որ սկսվել է Թուրքիայում», - ասել է Բաղիշը՝ շարունակելով․ - «Եվրոպայի խոշորագույն օդանավակայաններից մեկը` Ստամբուլի օդանավակայանը, շահագործվում է մի ընկերության կողմից, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ֆրանսիացիներին: Մենք ֆրանսիական ու ճապոնական ընկերությունների հետ ատոմակայանի շինարարության նախագիծ են նախաձեռնել: Բացի այդ, մենք սպասում ենք Օլանդի այցին Թուրքիա` ակնկալելով, որ նա կազդարարի ևս չորս ոլորտներում բանակցությունների մեկնարկը»:

Հավելենք՝ Անկարայում նախևառաջ հույս ունեն, որ առաջիկայում բանակցությունները կվերսկսվեն արդարադատության ոլորտի և անվտանգության հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG