Մատչելիության հղումներ

Ոստիկանների հետ բախումից հետո Շանթ Հարությունյանը և տասնյակ այլ քաղաքացիներ բերման են ենթարկվել


«Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով Ազատության հրապարակում արդեն մի քանի օր նստացույց սկսած Շանթ Հարությունյանը և տասնյակ այլ քաղաքացիներ այսօր բերման են ենթարկվել ոստիկանություն՝ Մաշտոցի պողոտայում ոստիկանության և մի քանի այլ քաղաքացիների հետ բախումից հետո։

Այսօր «Յոթի գործով» նախկին բանտարկյալ, քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյանը և նրա կողմնակիցները պատրաստվում էին երթ անել, երբ Մաշտոցի պողոտայում անակնկալ բախում սկսվեց Հարությունյանի և մի քանի այլ քաղաքացիների միջև, որոնց Հարությունյանը անվանում էր «սադրիչներ»։

Այնուհետև ինչ-որ պայթուցիկներ են պայթեցվել, որոնք շատ ուժգին ձայն և լույս էին արձակում, բախումը շարունակվել է ոստիկանների և քաղաքացիների միջև։ Սկզբում ոստիկաններին չէր հաջողվում վերահսկել իրավիճակը, սակայն երբ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության մեծաքանակ ուժեր, իրավիճակը անցավ նրանց հսկողության տակ։

Տեղի ունեցածի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ոստիկանությունը, որում ասվում է, թե՝ «արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում, իսկ ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը»։

«Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել: Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել պողոտան: Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին»,- ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունը նաև հայտարարում է, որ կան տուժած ոստիկաններ, կատարվում է դեպքի վայրի զննություն, տուժածների և ոստիկանություն բերման ենթարկվածների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Իրավապահները նաև զգուշացնում են, որ «չեն հանդուրժելու և ամենայն խստությամբ են արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության»։

Մանրամասները՝ քիչ անց։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG