Մատչելիության հղումներ

Ընտանիքի միակ հարստությունը 8 երեխաներն են


Բյուրեղավանի արվարձաններից մեկում, մի քանի քառակուսի մետր երկաթե վագոնում ապրող, 9 հոգուց բաղկացած այս ընտանիքը շուտով է'լ ավելի կընդարձակվի. նրանք սպասում են 8-րդ զավակին։

Բյուրեղավանի արվարձաններից մեկում, մի քանի քառակուսի մետր երկաթե վագոնում ապրող, 9 հոգուց բաղկացած այս ընտանիքը շուտով է'լ ավելի կընդարձակվի. նրանք սպասում են 8-րդ զավակին։ Մանկական կայծկլտացող աչքերը, աշխույժ ծիծաղն ու խաղը այս բազմազավակ ընտանիքի ու հիվանդ հոր միակ հարստությունն են։

«Երեխան ինձ համար մեծ բան է, դրա համար ինչքան շատ երեխա լինի, այդքան լավ: Անկախ պայմաներից։ Ես երեխեքին շատ եմ սիրում, գիշերը մինչև նրանց ծիծաղը, աղմուկը չեմ լսում, չեմ քնում», - նշեց հայրը՝ Վովա Ավանեսյանը։

Մայրը՝ Զիրավարթը, «Ազատության» հետ զրույցում մտահոգ պատմում է, որ իրենց 8-րդ զավակի ծնունդը ոչ բոլոր հարևաններն ու հարազատներն են ողջունում. - «Ասում են ապրելու, ուտելու տեղ չունեք, ո՞նց եք բերում։ Մենք մեր հույսը գցում ենք Աստծո և մեր ուժերի վրա։ Ով ինչ կխոսի, թող խոսի։ Դա իրենց խիղճն ու միտքն է։ Իմ ու իմ ամուսնու համար կարևոր չի` պայմանները նեղ են, քնելու տեղը նեղ է, կարևորը` երեխան առողջ լինի ու մենք անհամբեր սպասում ենք այս երեխայի ծնունդին»։

Ընտանիքը զուրկ է կենցաղային տարրական պայամններից։ Սանհանգույց առհասարակ չունեն, լողանում են տան մի անկյունում՝ աղբյուրից բերած ջրով։ Ամռանը զգուշանում են վագոնի անցքերից ներս մտնող միջատներից, ձմռանն էլ թափանցող քամուց, անձրևից ու ձյունից։ Վագոնում արդեն ցուրտ է, բայց ասում են, թե այս տարի փայտը քիչ է, ուստի որոշել են դեռ չվառել, պահել են ձմռանը ծնվող փոքրիկին տաքացնելու համար։

Ընտանիքի միակ մշտական եկամուտը «Փարոսի» 70 հազար դրամ օգնությունն է։ Գործազրկության նպաստ չեն ստանում։ Ասում են, որ նոր էին որոշել գրանցվել, այն էլ լսեցին, որ հունվարից պետությունը որոշել է այդ նպաստը կտրել։ Միակ աշխատողը հայրն է՝ Վովան, ով, սակայն, մի շարք հիվանդություններ է ժառանգել արցախյան պատերազմի տարիներից։ Չնայած ծանր գործ չի կարողանում անել, բայց, ինչպես ինքն է ասում` աշխատում է որտեղ պատահի եւ ինչպես պատահի, միայն թե երեխաների գոնե հացի փողը վաստակի։

«Ամիս կա, որ գործ չի լինում։ Այս տարի լավ տարի չէր, մի ամիս աշխատում էի, մի ամիս տանը, բայց կարևորը, որ հացը կարողանում եմ հասցնել, դժվարանում եմ, բայց էլի կարողանում եմ հասցնել։ Գիտեմ երեխեքին շատ բան է պետք, բայց այսօր գոնե հացով կարողանում եմ ապահովել», - նշեց Վովան։

Երեխաներից երեքը սովորում են գիշերօթիկ դպրոցում։ Ընտանիք են վերադառնում միայն շաբաթվա վերջին։ Կարոտում են, բայց ստիպված են. այդպես գոնե վստահ են՝ յոթից երեքը գոնե քնելու ու ուտելու տեղ ունեն։

«Էդ մի քիչ թեթևացնում է։ Գիշերօթիկից գալիս են, արդեն տեղ չի լինում, այնտեղ ավելի լավ են ուտացնում, ստեղ օր է լինում մի անգամ են հաց ուտում»։

Թեև ապրելու պայմանները վատն են, փողը քիչ է, հազար ու մի չլուծված խնդիրներ կան, բայց հպարտ են, որ ընտանիքը ոչ թե կազմալուծվում, այլ ընդհակառակը՝ շարունակում է մեծանալ։ Հույսը չեն կորցնում, որ մի օր էլ 10 հոգով նոր, իսկական բնակարան են տեղափոխվելու և հարուստ սեղան են նստելու։

Ամենափոքրը երազում է տիկնիկ ու պայուսակ ունենալ, ամենամեծը՝ հայտնի դերասանուհի դառնալ, բայց կա մի երազանք, որի մասին ընտանիքում խոսում են գրեթե բոլորը: «Ծնողներս ու ընտանիքս առողջ լինեն ու իրենց օրվա հացի տեր լինեն ու վերջ։ Պայմաններ չկա, պապան նեղվում է, մաման էլ, ես էլ իրենց համար եմ նեղվում։ Կուզեմ, որ հայրիկս առողջանա, հիվանդություն չունենա, մայրիկս ու քույրիկներս լավ պայմաններում ապրեն։ Ուզում եմ, որ հայրիկս լավ աշխատանք գտնի ու չտանջվի էլ», - ասաց Ավանեսյանների զավակներից մեկը։
XS
SM
MD
LG