Մատչելիության հղումներ

«Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման համար պատուհան է բացված», - Երևանում հայտարարեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը։ ԼՐԱՑՎԱԾ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ներկայացմամբ, Հայաստանում ու Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցած լինելը «հնարավորությունների պատուհան է բացում Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման համար»:

Նման հայտարարություն Ուորլիքն արեց այսօր Երևանում՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում:

Կեսօրին մոտ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր Մինսկի խմբի համանախագահներին՝ Ջեյմս Ուորլիքին, Ժակ Ֆորին ու Իգոր Պոպովին, և այդ հանդիպումից հետո համանախագահները համաձայնեցին պատասխանել հարցերին:

«Մենք հուսով ենք, որ Հայաստանում ու Ադրբեջանում [տեղի ունեցած նախագահական] ընտրություններից հետո բացվում է հնարավորության մի պատուհան, և մենք կարող ենք առաջ շարժվել՝ դեպի Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերում, ու ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը կցանկանար կյանքի կոչել դա»,- ասաց Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահը նաև նշեց, թե նոր պատերազմի բռնկումը սարսափելի հետևանքներ կունենա երկու երկրների ժողովուրդների համար, և այդ պատճառով է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը աշխատում է՝ «հասնելու կայուն խաղաղության»:

Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանի հետ համանախագահների հանդիպմանը, ապա ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են «ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները և առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը»:

Այն, որ համանախագահները տարածաշրջան են այցելել երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելու նպատակով, հայտնի դարձավ երեկ, երբ Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Իգոր Պոպովը հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահը համաձայնություն է տվել հանդիպել Հայաստանի նախագահի հետ, և որ նախագահների հերթական հանդիպումը ծրագրվում է անցկացնել մինչև տարեվերջ:

Այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ռուսաստանցի համանախագահը լրագրողներին տեղեկացրեց, թե առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել՝ հստակեցնելու ղարաբաղյան կարգավորմանը միտված հետագա աշխատանքները:

Պոպովին հարցրեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ շուրջ երկու տարի տևած ընդմիջումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպելու են։

«Գիտեք, որ երեկ մենք Բաքվում բանակցություններ ունեցանք՝ հանդիպեցինք Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Հարցերից մեկը, որը քննարկել ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցն էր: Այս հարցը մենք այսօր կքննարկենք նաև նախագահ Սարգսյանի հետ: Ձեր այն հարցին, թե նախագահները ինչո՞ւ են մտադիր հանդիպել, հետևյալը պատասխանեմ՝ գիտեք, որ մոտ երկու տարի շփումներն իրականացվում էին արտաքին գործերի նախարարների մակարդակով, մշակվում էին առաջ շարժվելու բազմաթիվ տարբերակներ: Այժմ մեր կարծիքով, որը սկզբունքորեն կիսում են նաև արտգործնախարարները, ժամանակն է հանդիպում անցկացնել բարձր մակարդակով, որպեսզի, այսպես ասած, ճշտենք ժամացույցները, հստակեցնենք դիրքորոշումները և կողմնորոշվենք, թե հետագայում ինչպես պետք է աշխատել»,- ասաց Պոպովը։

Իր հերթին, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը փոխանցեց, որ «շատ օգտակար» կլինի, եթե Հայաստանի նախագահը համաձայնի հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ մինչև այս տարվա վերջ:

Այն հարցին, թե առաջիկայում նախատեսված հանդիպման ընթացքում կա՞ն արդեն կոնկրետ կետեր, որոնց շուրջ նախագահները բանակցելու են, Ուորլիքը արձագանքեց. - «Այս հարցի պատասխանը ստանալու համար դուք պետք է դիմեք նախագահներին, մենք փորձում ենք կյանքի կոչել հանդիպումը»։

Ուորլիքին, Ֆորին ու Պոպովին օրվա ընթացքում ընդունեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այս անգամ համանախագահները Ստեփանակերտ չեն այցելի։

Նախագահների հանդիպումը կկայանա այս ամիս


Տարածաշրջան կատարած իրենց հերթական այցի արդյունքների վերաբերյալ միջնորդները երեկոյան հանդես եկան հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել այս ամիս՝ շուրջ երկու տարի շարունակված դադարից հետո։

«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են իրենց պատրաստակամությունը հանդիպել 2013 թվականի նոյեմբերին՝ հստակեցնելու իրենց դիրքորոշումները խնդրի կարգավորման շուրջ և քննարկելու առաջ շարժվելու հնարավորությունները», - հայտարարում են միջնորդները։

Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Ժակ Ֆորը նաև նշում են, որ կշարունակեն աշխատել առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածությունների վրա, և կոչ են անում կողմերին զսպվածություն ցուցաբերել տեղում, ինչպես նաև իրենց հրապարակային հայտարարություններում։

«Ցանկացած ռազմական գործողություն, հատկապես այս պահին, կարող է դիտարկվել որպես խաղաղ գործընթացը խաթարելու փորձ», - ընդգծում են համանախագահները Երևան և Բաքու կատարած հերթական այցի ավարտին։
XS
SM
MD
LG