Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը ՄԱԿ-ում խոսել է Ադրբեջանում հայատյացության մասին


ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Նազարյան, արխիվ
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Նազարյան, արխիվ
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում երեկ ելույթ է ունեցել նստաշրջանի Երրորդ կոմիտեի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետի ներքո:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ դեսպանը, մասնավորապես, նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի հայատյացության ահագնացող փաստերին` նշելով, որ այդ մասին շարունակում է ահազանգել միջազգային հանրությունը:

Որպես օրինակ, Նազարյանը նշել է, թե ինչպես Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները հեռուստաբանավեճերի ընթացքում միմյանց մեղադրում էին հայկական արմատներ ունենալու հարցում, խոսել է այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է կրթությունը հայերի դեմ ատելություն խրախուսելու ու տարածելու համար՝ դպրոցական դասագրքերում հայերին ներկայացնելով «ֆաշիստ», «ահաբեկիչ» և այլ ձևակերպումներով:

Կարեն Նազարյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանում այդօրինակ բացահայտ ատելությունը հայերի հանդեպ կարելի է համեմատել ռասիզմի պատմության ամենասարսափելի օրինակների հետ, որի համար իշխանությունների կողմից գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները:

Շեշտելով, որ հայատյացությունը Ադրբեջանում վաղուց դարձել է պետական քարոզչամեքենայի անքակտելի մասը՝ Հայաստանի դեսպանը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին դատապարտել Ադրբեջանում աճող անհանդուրժողականության ու ռասիզմի երևույթները՝ հավելելով, որ այդօրինակ դրսևորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ծանրագույն ոտնահարումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG