Մատչելիության հղումներ

Սայաթ-Նովա 10-ում շինարարությունը կվերսկսվի


Սայաթ-Նովա 10-ում շինարարությունը կվերսկսվի
please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00
Սայաթ-նովա 10, 12 շենքերի բակում կրկին լարված իրավիճակ էր: Առավոտից բակ էին եկել այս տարածքում շինարարության թույլտվություն ունեցող ընկերության ներկայացուցիչները և, չնայած բնակիչների դիմադրությանը, պատրաստվում էին կրկին աշխատանքի անցնել:

Կառուցապատող «Լարգո գրուպ» ընկերությունը Երևանի կենտրոնում գտնվող 4 շենքերով պարփակված տարածքում 207 քառակուսի մետրի վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու թույլտվություն ունի: Սակայն բնակիչները պնդում են, որ սեփականատիրոջը այդ 207 քառակուսի մետրը չի բավարարում, և երկրորդ հարկից սկսած շենքի մակերեսը գրեթե կրկնապատկվում է՝ փակելով հարակից շենքերի լուսավորությունը:

Բացի այդ առաջին հարկում նորակառույցը փակելու է բնակիչներից մեկի ավտոտնակի մուտքը և գրավելու է առանց այդ էլ նեղ փողոցի մի մասը:

Բնակիչները բազմիցս են նշել, որ դեմ են իրենց բակում իրականացվող շինարարությանը, քանի որ նախագիծը իրենց հետ չի համաձայնեցվել:

«4 շենքերի բնակիչներն էլ դեմ են շինարարությանը: Մենք բոլորս սեփականատեր ենք, բոլորս հարկատու ենք, ինչո՞ւ են տարածքը խլում հարկատուներից և տալիս մեկ բիզնեսմենի: Ուրեմն 400 ընտանիք անտեսե՞ն»,- ասաց բնակիչներից Անաիդա Հովսեփյանը:

Բնակիչների բողոքի արդյունքում քաղաքապետարանից խոստացել էին դադարեցնել շինարարությունը, մինչև կառուցապատողի և բնակիչների միջև քննարկումներ լինեն և կողմերը ընդհանուր հայտարարի գան: Քննարկումներ, սակայն, այդպես էլ չեն կազմակերպվել, փոխարենը շինարարությունը վերսկսվել է, ոստիկաններն էլ առավոտից տեղում էին՝ կառուցապատողի իրավունքները պաշտպանելու համար:

«Շինարարությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Ոստիկանությունն էլ այստեղ է կառուցապատման աշխատանքներին նպաստելու համար: Չե՞ք տեսնում՝ ինչ խոչընդոտներ կան»,- արձագանքեց կառուցապատող ընկերության իրավաբան Աշոտ Աբրահամյանը:

Որոշ ժամանակ անց Սայաթ Նովա 10-ի բակ է այցելել քաղաքապետարանի ներկայացուցիչը: Բնակիչներին փոխանցել է, որ ամեն ինչ օրինական է, քննարկումներ եղել են, բայց ոչ ինքը, ոչ բնակիչները չեն մասնակցել:

«Սա հանրային տարածք է և այստեղ կառուցապատում իրականացնելու համար պարտադիր պետք է հանրային քննարկում։ Երևանի ավագանու անցած նիստում այս հարցը բարձրացվել է, և որևէ մեկը չի կարողացել բացատրություն տալ, թե ինչու հանրությունը չի մասնակցել այս հարցի քննարկմանը և ինչու»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Բարև Երևան» դաշինքից Երևանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG