Մատչելիության հղումներ

Ռեադմիսիայի հարցը մտահոգություններ է հարուցում


Ռեադմիսիայի հարցը մտահոգություններ է հարուցում
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Ըստ խորհրդարանականների, այդուհանդերձ, խնդիրն ավելի շատ իրազեկման պակասի հետևանք է:

Մեկ համաձայնագրի շրջանակում Հայաստանը, փաստորեն, մի կողմից՝ Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման հարց է լուծում, մյուս կողմից էլ՝ ռեադմիսիայի (հետընդունման) պարտավորություններ է կրում:

Այսօր և՛ եվրոպացի, և՛ հայ պաշտոնյաները որպես Հայաստանի պարտավորություն միայն խոսում են արտերկրում ոչ լեգալ պայմաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձի մասին՝ չբարձրաձայնելով այլ պարտավորությունների վերաբերյալ: Սակայն այսքանն էլ բավական էր, որ արտասահմանում լուրջ թիվ կազմող Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն առաջանար:

Երկուշաբթի օրը խորհրդարանական լսումներ էին այս թեմայով: Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովների անդամները ասացին, որ այս առիթով բազմաթիվ մտահոգություններ լսել են, սակայն, ըստ նրանց, խնդիրն ավելի շատ իրազեկման պակասի հետևանք է:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե մի երկրում, որտեղ արտագաղթը հասնում է մտահոգիչ ծավալի, որտեղ կա գործազրկության, աղքատության, սոցիալական անարդարության լուրջ խնդիր, ինչպե՞ս կարելի է ապահովել ռեադմիսիայի շրջանակում հայաստանցիների վերադարձը, ինտեգրումը, ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները կիսեցին այս մտահոգությունը:

Մասնավորապես, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ որպես ընդդիմություն՝ պատրաստ է այս հարցը մշտապես բարձրացնել խորհրդարանում և հորդորել կառավարության ներկայացուցիչներին լուրջ քայլեր ձեռնարկելու համար:

Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը այս ընթացքում տասնյակ նամակներ ու ահազանգեր է ստացել սփյուռքահայերից:

«Այո, ես կիսում եմ իրենց մտահոգությունը՝ երբ որ նրանք վերադարձվեն կամ վերադառնան Հայաստան, մենք կարողանալո՞ւ ենք այդ մարդկանց համար ապահովել, արժանապատիվ վերաինտեգրման գործիքները աշխատելո՞ւ են, թե՞ ոչ: Ես, անկեղծ ասած, այս պահին չեմ տեսնում», - հայտարարեց Զոհրաբյանը:

Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ չկա թերևս այնպիսի մարդ, որ չի ցանկանում վերադառնալ իր հայրենիք, ապրել ու աշխատել այստեղ: Ինչ վերաբերում է ինտեգրմանը՝ Զաքարյանը արհեստական է համարում սա, հատկապես որ, ըստ նրա, կառավարությունը մասնավորապես վերջին տարիներին այս ուղղությամբ աշխատում է:

«Երբ որ [կառավարությունը] խոսել է տնտեսական զարգացման, աշխատատեղերի բացման, սոցիալական խնդիրների բարելավման, զարգացման [մասին], նաև ի նկատի է ունեցել, որ դա, նախ, հնարավորություն կտա արտագաղթը կանխելու, երկրորդն էլ՝ հնարավորություն կտա գրավչության մեծացման միջոցով նաև մեր հայրենակիցներին վերադարձնել», - ասաց Զաքարյանը:

Ընդդիմադիր «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը այս դեպքում չեզոք դիրք է բռնում՝ բոլոր հայերը ի վերջո պետք է վերադառնան Հայաստան։

«Իհարկե, նրանց վերադարձի հետ կապված կա սոցիալական խնդիր, մենք ունենք գաղթականներ Սիրիայից, իրենց խնդիրը չենք կարողանում լուծել, միևնույն է՝ հետ վերադարձը պետք է մի օր տեղի ունենա։ Այս պարագայում, այո, մեր պետության համար հսկայական սոցիալական խնդիր է, բայց մարդկային ռեսուրսի միջոցով միգուցե մենք կարողանանք դուրս գալ այս վիճակից»,- ասաց Փոստանջյանը։

Հայաստանը արդեն իսկ 13 եվրոպական երկրների հետ ունի հետընդունման մասին գործող պայմանագրեր: Նոր պայմանագրով այդ երկրների թիվը կրկնապատկվելու է։

2012 թվականին 31 ռեադմիսիոն հարցապնդում է եղել, և ըստ պաշտոնյաների՝ այս նոր համաձայնագիրը չի նշանակում, որ սրանից հետո համատարած ներհոսք է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG