Մատչելիության հղումներ

Մահմեդականացված հայերին նվիրված կոնֆերանս Բողազիչի համալսարանում


Տեսարան Ստամբուլից
Տեսարան Ստամբուլից

Թուրք քաղաքացիական հասարակությունը սկսում է առերեսվել իր իրական պատմությանը, ընդգծում է հայտնի թուրք լրագրողը:

Ստամբուլի Բողազիչի պետական համալսարանում շուրջ երկու տարի տևած կազմակերպչական աշխատանքներից հետո անցկացվեց, ինչպես ներկաներն են ասում` պատմական նշանակության կոնֆերանս մահմեդականացված հայերի թեմայով:

Երկու օր տևած խորհրդաժողովի մտահղացման հեղինակները նաև Մալաթիայի հայերի ասոցիացիան և «Հրանտ Դինք» հիմնադրամն են:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կոնֆերանսի կազմակերպիչներից Այշե Գյուլ Ալթընայն ասաց, որ 600-ից ավելի մարդ է գրանցվել կոնֆերանսին:

«Սա նախևառաջ պատմական կոնֆերանս է: Առաջին անգամ է վերջին հարյուր տարվա մեջ մահմեդականացված հայերի թեման քննարկվում համապարփակ և միջազգային կոնֆերանսում», - ընդգծեց Ալթընայը՝ շարունակելով․ - «2005-ին Բողազիչի, Սաբանչի և Բիլգի համալսարանները նմանատիպ մի խորհրդաժողով էին կազմակերպել, որ պետք է տեղի ունենար հենց այս մասնաշենքում, սակայն մեծ աղմուկ ու բողոքի ալիք բարձրացավ, և այն հետաձգվեց ու վերջում անցկացվեց մասնավոր համալսարանում: Բայց 2005-ից հետո մենք երկար ճանապարհ ենք անցել»:

Ակնկալվում էր, որ այս անգամ ևս խորհրդաժողովի շենքի առջև կարող է բողոքի ակցիա անցկացվել, ինչը, սակայն տեղի չունեցավ:

2008 թվականին սկիզբ առած՝ թուրքերի և քրդերի կողմից 1915-ի զոհերին կարեկցանք հայտնող «ներողության արշավի» հիմնադիր, լրագրող Չենգիզ Աքթարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թուրք քաղաքացիական հասարակությունը սկսում է առերեսվել իր իրական պատմությանը:

«Արդեն 10 տարի է՝ Թուրքիան լիովին նոր շրջան է ապրում: Նրանք կցված էին արհեստական պատմության, որն արդեն գոյություն չունի: Ոչ ոք այլևս չի հավատում այդ պատմությանը, այդ պաշտոնական պատմվածքին: Եվ հիմա թուրքերը բարեբախտաբար կամ դժբախտաբար բացահայտում են, թե ինչ է պատահել վերջին 100 տարում, ինչպես է այս ազգը ստեղծվել», - ասաց Աքթարը՝ հավելելով․ - «Հիմա տաբուները մեկը մյուսի ետևից ճաք են տալիս, սա էլ մի այլ տաբու է կամ լավ հայտնի գաղտնիք: Բոլորը գիտեն կամ զգում են, որ կան մահմեդականացված հայեր, բայց առաջին անգամ է, որ մենք բացեիբաց խոսում ենք նրանց մասին միջազգային գիտական խորհրդաժողովում»:

Հայաստանից ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով նույնպես ներկա էր կոնֆերանսին, ասաց, որ դժվար է միանշանակ գնահատական տալ, թե Ստամբուլում այսպիսի խորհրդաժողովի անցկացումն ինչի հետևանք է:

«Դեռ տասը տարի առաջ՝ առնվազն 2000-2001 թվականներին, հայ բառի շուրջը կատարվող որևէ հավաքական քննարկումն արդեն երևույթ պետք է լիներ և էր [Թուրքիայում], այսինքն, եթե նույնիսկ համարենք վերջին տասը տարիների փոփոխությունը շատ մեծ է՝ այս իմաստով փոփոխությունը: Մյուս կողմից, չգիտեմ՝ խնդիրները նաև քաղաքականանում են, և բացի այս ժողովրդավարական գործընթացը, որի դաշտում թերևս տվյալ մտահոգությունների դրսևորումներ են, նաև շահարկումներ են առաջանում, և ես չգիտեմ՝ ի վերջո ինչ կարող է լինել, ես միշտ տագնապ ունեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խառատյանը:

Թուրք լրագրողը, սակայն, ավելի լավատես է, ասում է` Թուրքիայի հասարակությունը սկսել է գործընթացը, ջիներն արդեն լամպից դուրս են եկել, նրանց ետ հրել հնարավոր չէ:

«Այս գործընթացը ետդարձ չունի, այն շարունակվելու է: Այս երկրի քաղաքացիական հասարակությունն է, որ այս ամենի ետևում է, հենց դա է այս ամենը դարձնում իրական ուժ` ի տարբերություն պետական մարմինների», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Չենգիզ Աքթարը:

Հայերի ցեղասպանությունն առաջինն ընդունած և ճանաչած թուրք մտավորականներից Թաներ Աքչամը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկած հայտնեց, թե գիտական խորհրդաժողովները կարող են մեծ ազդեցություն ունենալ Թուրքիայում հայկական հարցի հանդեպ պետական վերաբերմունքի վրա:

«Սա, անխոս, շատ կարևոր քայլ է քաղաքացիական հասարակության համար, բայց ես չեմ կարծում, թե այսպիսի գիտաժողովները մեծապես կարող են ազդել պետական քաղաքականության վրա մոտ ապագայում», - իր մտահոգությունը փոխանցեց Աքչամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG