Մատչելիության հղումներ

Մոտ ապագայում Վրաստանի վարչապետի պաշտոնը կստանձնի երկրի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության թղթակցի փոխանցմամբ, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի նիստի ավարտին հրավիրած ասուլիսում գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Ղարիբաշվիլին պաշտոնը կստանձնի նոյեմբերի վերջին:

«Ինձ կփոխարինի հիանալի վարչապետ, ով կարողացել է կարճ ժամանակում բարեփոխել այնպիսի բարդ նախարարություն, ինչպիսին ներքին գործերի նախարարությունն է», - նշել է Իվանիշվիլին, ով, հիշեցնենք, ամիսներ առաջ հայտարարել է, որ հեռանալու է քաղաքականությունից:

Կոալիցիայի քաղխորհուրդն արդեն պաշտպանել է Կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը, ուստի խորհրդարանում կայանալիք քվեարկությունը, ըստ ամենայնի, ձևական բնույթ է կրելու:

31-ամյա Իրակլի Ղարիբաշվիլին ոչ վաղ անցյալում մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի օգնականն էր «Կարտու» բարեգործական հիմնադրամի գծով, Սորբոնի և Թբիլիսիի պետական համալսարանների շրջանավարտ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG