Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հաջորդ տարվա բյուջեն սոցիալական է համարում


ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով

Ուրբաթ երեկոյան տեղի է ունեցել իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստը, որը նախագահել է կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Շուրջ երկու ժամ տևած նիստում քննարկվել է երեք հարց՝ բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքի նախագիծը, 2014 թվականի պետբյուջեի նախագիծը և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը:

«Սա մեր երազանքների բյուջեն չէ, սակայն իրատեսական է, քանի որ դրանով շուրջ 270 հազար մարդու աշխատավարձ է բարձրանալու»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ պետբյուջեի նոր նախագիծը կարելի է սոցիալական անվանել, քանի որ դրա մոտ 40 տոկոսը ուղղվում է սոցիալական խնդիրների լուծմանը:

«Բյուջեի այս նախագծով բարձրանալու են բազմաթիվ ուսուցիչների, բուժքույրերի, մանկավարժների աշխատավարձերը, ինչպես նաև կենսաթոշակները»,- ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը կոչ արեց միայն չկենտրոնանալ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վրա, քանի որ բացի նրանց աշխատավարձերից բարձրանում են նաև 270 հազար այլ քաղաքացիների աշխատավարձերը։

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հատուկ չվերթներին, որոնց վրա պետական բյուջեից մեկ ամսում մոտ 200 հազար դոլար է ծախսվել, Շարմազանովն ասաց, որ այդ հարցը չի քննարկվել ՀՀԿ-ի նիստում։

«Եթե ՀՀԿ-ն գտնի, որ դա շռայլություն է, ապա չէր արդարացնի։ Կարծում եմ, որ դա շռայլություն չէ, որովհետև հանրապետության վարչապետը, նաև ԱԺ նախագահը, պետական պաշտոնյաներն ու նախագահը պետք է իրականացնեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված լիազորությունները»,- ասաց ՀՀԿ խոսնակը։
XS
SM
MD
LG