Մատչելիության հղումներ

Աճել է Հայաստանից մեկնած ու չվերադարձած քաղաքացիների թիվը


Աճել է Հայաստանից մեկնած ու չվերադարձած քաղաքացիների թիվը
please wait

No media source currently available

0:00 0:03:23 0:00
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների, 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 122 հազար 191 Հայաստանի քաղաքացի հատել է սահմանային անցակետերը և չի վերադարձել: Անցած տարի, հիշեցնենք, չվերադարձածների թիվը կազմել էր 109 հազար 405:

Այս թվերը հերթական անգամ հասարակության լայն շրջաններում անհանգստություն են առաջացնելու, քանզի շատերն այն ուղղակի կապում են արտագաղթի հետ: Մինչդեռ պետական պաշտոնյաները շարունակում են պնդել, որ սա ընդամենը սահմանահատումների պատկերն է, իսկ արտագաղթի պատկերը կհստակեցնեն միայն տարեվերջին հրապարակվելիք ուսումնասիրությունները:

ԱՎԾ-ի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով, արձանագրվածը սոսկ մեխանիկական տեղաշարժն է. - «Մենք ոչ պատճառը գիտենք, ոչ էլ այս ցուցանիշների մեջ ներառված է, թե ինչ ժամկետներով են մարդիկ գնացել, որպեսզի մենք կարողանանք իրենց վերագրել «միգրանտ» կոչումը»:

Հրապարակված տվյալների համաձայն, 1 միլիոն 118 հազար 683 մարդ, ընդ որում` միայն Հայաստանի քաղաքացիներ, այս տարվա 9 ամիսների ընթացքում դուրս է եկել երկրից: Մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը չէր հասնում անգամ 1 միլիոնի՝ 957 հազար 153: Փաստորեն այս տարի երկրից մեկնողների թին ավելացել է 161 հազար 530-ով:

Տիկին Կույումջյանը հավաստիացնում է, որ հիմնականում վերադարձերը լինում են հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամսիներին` օրինակ բերելով, որ անցած տարեվերջին բացասական հաշվեկշիռը 109 հազար 405-ից հասել է 42 հազարի:

Արտագաղթի խնդիրը, Կույումջյանի խոսքով, այսօր ամենահրատապ թեմաներից է, և մարդիկ խոսում են «առանց խնդրի մեջ խորանալու». - «Անգամ այս 42 հազար բացասական հաշվեկշիռը դեռևս չի նշանակում, որ այդ 42 հազարը միգրանտներ են: Որովհետև մարդը կարող է մեկնել առողջական խնդիրներով, կրոնական ուխտագնացության, հազար ու մի պատճառներ կան... Այսինքն` ինքը մշտական բնակության չէ, որ մեկնել է»:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը «Ազատության» հետ զրույցում թեպետ շեշտեց, որ արտահոսքի միտում միանշանակորեն կա, այնուամենայնիվ համաձայնեց Կույումջյանի պնդմանը, թե խոսքը մշտական արտահոսքի մասին չէ: Նրա կարծիքով, մարդկանց հիմնական մասը մեկնում է արտագնա աշխատանքի` վերադառնալու մտադրությամբ:

Եգանյանի խոսքով, սակայն, այդ ժամանակավորը կարող է վերածվել մշտականի. - «Հիմա մենք ունենք դրսում ժամանակավոր միգրանտների մի զանգված, որը, իմ գնահատմամբ, կազմում է 150-200 հազար մարդ: Ես ուզում եմ օբյեկտիվ լինել. նրանք դեռ չեն խզել կապերը, վերջնական վճիռ չեն կայացրել, բայց, ըստ էության, մի տարուց ավելի ժամանակով բնակվում են արտերկրում: Եվ կան այն միգրանտները, որոնց բացակայությունը տևում է վեց ամսից մինչև մեկ տարվա միջակայքում: Բայց այդ մարդիկ էլ, եթե լինի աշխատանք, ամբողջ ցավը դա է` կշարունակեն մնալ»:

Արդեն նշված ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվելու են տարեվերջին, առաջին հետազոտությունն է այս բնագավառում, որը պատվիրել է Կառավարությունը:

Բյուջեից տրամադրված 13 մլն դրամով Ռուբեն Եգանյանի մշակած մեթոդաբանությամբ դիտարկվում է արտագաղթի պատկերը վերջին վեց տարվա ընթացքում:
XS
SM
MD
LG