Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները կոռուպցիայի վառ օրինակ են համարում վարչապետի երեք հատուկ չվերթները, որոնք բյուջեի վրա նստել են 200 հազար դոլար:

Կառավարության պաշտոնական կայքէջը փաստում է` միայն վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան 82 միլիոն դրամը տրամադրվել է «Էյր Արմենիա» ընկերությանը՝ կառավարության համար հատուկ չվերթներ կազմակերպելու նպատակով: Այսինքն վարչապետը և նրան ուղեկցող պատվիրակությունը առանձին ինքնաթիռ են վարձակալել և սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգ թռչելու համար պետական բյուջեից ծախսել են 30.5 միլիոն, հոկտեմբերին Մոսկվա թռչելու համար՝ 21 միլիոն, և նույն ամսում՝ Բրյուսել թռչելու համար 31 միլիոն դրամ։

Ընդ որում, ինչպես տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը, սեպտեմբերին Սանկտ-Պետերբուրգ թռչելուց հետո վարչապետը ինքնաթիռը սպասեցրել է մոտ 3 օր, ավելի քան 60 ժամ, ինչի արդյունքում էլ միայն այս թռիչքի վրա հարկատուների հաշվին վարչապետը ծախսել է 70 հազար ԱՄՆ դոլար:

Ոչ իշխանական պատգամավորները անթույլատրելի են համարում այս շռայլությունը, երբ երկրում ավելի քան մեկ միլիոն մարդ աղքատության մեջ է ապրում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ «վարչապետի այս խրախճանքներն իրենց մեջ հանցակազմ են պարունակում»։

«Ինչու չեն բարձրացնում այն հարցը, թե ինչու մեր քաղաքացին չի ստանում արժանավայել աշխատավարձ և թոշակ... որովհետև նման խրախճանքների և շռայլությունների միջոցով է մեր պետական բյուջեն օգտագործվում, այլ ոչ թե իր նպատակներին համահունչ։ Ես, կարծում եմ, այսպիսի աղքատ երկրում նման շռայլությունները ոչ միայն անթույլատրել են, այլ իրենց մեջ հանցակազմ են պարունակում»,- ասաց Փոստանջյանը։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ «Էյր Արմենիայի» միջոցով հատուկ չվերթներ պատվիրելը ուղղակի կոռուպցիոն գործարք է: Նշենք, որ այս ընկերության բաժնետերերի մեջ է նաև հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբայրը:

«Վարչապետի համար որևիցե խնդիր չկա՝ թռնել սովորական չվերթով՝ Երևան-Բրյուսել, թե հատուկ պետք է ինքնաթիռ վարձեր, որպեսզի թռներ։ Տվյալ պարագայում հասկանալի է, որ այդ ինքնաթիռը վարձվել է հենց այդ ատկատը անելու նպատակը ունենալով։ Ես այդպես եմ գնահատում։ Սա խոսում է կոռուպցիոն գործարքի մասին»,- փոխանցեց Փոստանջյանը։

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նույնպես այս գործարքում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում: Պատգամավորը հեգնում է, թե, բնականաբար, մենք ունենք այնպիսի վարչապետ, ով պետք է առանձին վարձակալած ինքնաթիռով այս կամ այն երկիր գնա։

«Ունենք հատուկ վարչապետը, որը կարող է իրեն թույլ տալ նման շռայլություն։ Եթե վարչապետը գտնում է, որ մեր երկրում ամեն ինչ այնքան լավ է, և ժողովուրդն էլ այնքան ապահով և բարեկեցիկ կյանքով է ապրում, միանշանակ արդարացված է»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով.- «Ես ամեն ինչի մեջ հիմա կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում, որովհետև մենք ունենք մի իշխանություն և մի կառավարություն, որն ուղիղ առաջնորդվում է սեփական շահերով՝ ինչպես անի, որ սեփական գրպանը ավելի հաստանա, որ իր երեք, չորս, հինգ, յոթ պորտերի բարեկեցիկ կյանքը ապահովի»։

Ազգային ժողովի տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը նույնպես համոզված է՝ Հայաստանի աղքատիկ բյուջեի պայմաններում նման շռայլություններ թույլ տալը պարզապես բարոյական չէ: Ընդ որում, Ստեփան Մարգարյանի փոխանցմամբ՝ թանկարժեք չվերթները կառավարության միակ շռայլությունը չեն, կան նաև այլ չարդարացված ծախսեր, մինչդեռ երբ մի կարևոր ոլորտի համար գումարներ են անհրաժեշտ լինում, իշխանությունը պնդում է, թե փող չկա:

«Օրինակ, մի բիոզուգարանի գնով կարելի էր տասնյակ հակակարկտային սարքեր ձեռք բերել։ Մի այսպիսի չարտերային չվերթի արժեքով կարելի էր ևս տասնյակ այդպիսի սարքեր ձեռք բերել։ Դրանց չգործելը նշանակում է, որ 2-3 տարի գյուղացին, մեկ ընտանիքը զրկվում է ընդհանրապես եկամտի աղբյուրից։ Գործազրկության 18 հազար դրամ նպաստները մենք վերացնում ենք, փոխարենը չարտերային ռեյսեր ենք կազմակերպում։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է կամ բարոյական է»,- ասաց Մարգարյանը։

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար բյուջեի պակասորդի և աղքատության բարձր ցուցանիշի պայմաններում մեկ ամսում 200 հազար դոլար ծախսել ընդամենը ինքնաթիռ վարձակալելու համար, կառավարությունից փոխանցեցին, թե իրականացված բոլոր չվերթներն էլ նպատակահարմար են եղել և դրանց ընթացքում լուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մասնավորապես, ըստ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանի, այցերից մեկի ընթացքում Բրյուսելում բանակցվել և ստորագրվել է լուրջ պայմանագիր՝ ռադիոիզոտոպների արտադրության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է անցած ամիս Մոսկվա կատարած 21 միլիոնանոց չվերթին, ապա կառավարության կայքից տեղեկանում ենք, որ այդ այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետին, ապա այցելել հայկական եկեղեցի և համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն: Իսկ 30.5 միլիոնանոց չվերթով սեպտեմբերին Սանկտ- Պետերբուրգ կատարած եռօրյա այցի ընթացքում վարչապետը մասնակցել է Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստին, ինչպես նաև այցելել մշակութային օջախներ՝ Իսակևյան տաճար և Էրմիտաժ:
XS
SM
MD
LG