Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Բեռլինում հանդիպեց Վեստերվելեին, Մերկելի խորհրդականին


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության

Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ աշխատանքային այց է կատարել Բեռլին։

Այցելության շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել իր գերմանացի գործընկերոջ՝ Գիդո Վեստերվելեի հետ։

Գերմանիայի արտգործնախարարն ասել է, որ երկու երկրները գերազանց փոխհարաբերություններ ունեն, և ընդգծել, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: «Գերմանիան որպես իրական բարեկամ շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացմանը», - հայտարարել է Վեստերվելեն։

Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների միջև հաստատված է ակտիվ քաղաքական երկխոսություն, որը վերջին տարիներին նոր թափ է ստացել, ամրապնդվել ու խորացել է տարբեր բնագավառներում գործակցությունը։

Նախարարները վստահություն են հայտնել, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան և կընդլայնվեն։

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով, Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, քննարկել Վիլնյուսի գագաթնաժողովին առնչվող հարցեր, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG