Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկաթուղին»՝ դատարանում


«Հարավկովկասյան երկաթուղին»՝ դատարանում
please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00

«Հարավկովկասյան երկաթուղին»՝ դատարանում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դեմ հայց ներկայացրած տասը արդեն նախկին աշխատակիցներ պնդում են, որ նախորդ 5 տարիներին չեն ստացել իրենց աշխատավարձի մի մասը՝ 23 միլիոն դրամը:

«Հայկական երկաթուղին» 2008 թվականից հավատարմագրային կառավարման հանձնվեց ռուսական ընկերությանը և վերանվանվեց «Հարավկովկասյան երկաթուղի»:

23 միլիոն դրամ ռուսական ընկերությունից բռնագանձելու պահանջով «Հարավկովկասյան երկաթուղու» նախկին աշխատակիցների հայցը քննում է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը:

Ձեռնարկության ներկայացուցիչն այսօր դատարանին հանձնեց նոր փաստաթղթեր, գործն առայժմ դատական նախապատրաստական փուլում է: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչ Արսեն Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե հայցվորների նպատակը հարուստ կազմակերպությունից փող կորզելն է։

«Ազատվում են և փորձում են խոշոր գործատուից ևս ինչ-որ գումարներ կորզել։ Հայցի նպատակը ոչ թե արդարության վերականգնումն է, այլ իրականությունն այն է, որ «էս հարուստներից մի բան վերցնենք»»,- ասում է Մկրտչյանը։

Հայցվորներին զարմացրեց, իրենց պնդմամբ, ընկերության հետ նախորդ տարիներին ֆինանսական վեճեր ունեցած ներկայացուցչի տեսակետը: Նրանք պնդում են, որ «Հարավկովկասյան երկաթուղին» խախտել է Աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթներ: Ի՞նչ հարուստ ձեռնարկության մասին է խոսքը, մենք մեր փողերն ենք ուզում, ասում էին նրանք։

«Մեր գումարների հաշվին հարստանում են, ասում են՝ հարուստ հիմնարկ է... իրենք բոլորն էլ դա ժամանակին ընդունել են, ուղղակի արհեստական ձգձգում են, նույնիսկ երկու անգամ առաջարկել են հաշտության գնանք»,- ասում էր հայցորներից մեկը։

Հայցվորներն ասում են, որ աշխատավարձերի մի մասը չվճարելու հետևանքով տուժել են նաև դատական հայց չներկայացրած աշխատակիցները.- «Մենք ստորագրահավաք արեցինք, 28 հոգի ստորագրեց, անվտանգության ղեկավարությունը սկսեց մեր վրա աշխատել, մարդկանց վախեցնում էին, ու 28 հոգուց մնաց 10 հոգի»։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Վահե Դավթյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ընկերության ղեկավարությանը հայտնի չեն աշխատակիցներին վախեցնելու փաստեր: Ասաց՝ եթե լինեն ապացույցներ, ձայնագրություններ, կուսումնասիրեն և կպատասխանեն այդ մեղադրանքներին:

Նախկին աշխատակիցները նաև նշում են, որ ձեռնարկությունը առանց որևէ իրավական հիմքի նվազեցրել է գիշերային և արտաժամյա աշխատանքի փոխհատուցման գումարները: Պարզվում է՝ ռուսական հավատարմագրմանը հանձնված ընկերությունը մարդկանց աշխատանքի վարձատրությունը հաշվարկել է օրական 22 ժամի դիմաց, մյուս երկու ժամը համարել է ընդմիջման ժամ, թեև մարդիկ այդ երկու ժամի համար ևս կրել են պատասխանատվություն: Բայց ընկերության իրավաբանը պնդում է՝ հայցվորների հիմնավորումները արհեստական են, միևնույն ժամանակ հրաժարվում է ասել՝ արդյոք հիմնավոր են օրական երկու ժամը չհաշվարկելու մասին հայցվորների պնդումները։

«Հարավկովկասյան երկաթուղու» դեմ հայցի քննությունը կշարունակվի նոյեմբերի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG