Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի «սև ցուցակում» Լեպսի հետ ընդգրկված են նաև հայեր


Ռուսաստան - Երգիչ Գրիգորի Լեպսը ելույթ է ունենում ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի նախընտրական հրապարակային միջոցառման ժամանակ, Մոսկվա, 23-ը փետրվարի, 2013թ․
Ռուսաստան - Երգիչ Գրիգորի Լեպսը ելույթ է ունենում ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի նախընտրական հրապարակային միջոցառման ժամանակ, Մոսկվա, 23-ը փետրվարի, 2013թ․

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել նաև գործարարներ Արթուր Բադալյանի և Լազար Շահբազյանի նկատմամբ:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտնի երգիչ Գրիգորի Լեպսին մեղադրում է ռուսական մաֆիայի հետ ակտիվ համագործակցության մեջ: Ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկն ընդգրկվել է պատժամիջոցներ նախատեսող հատուկ ցանկում, որ տեղադրված է ամերիկյան գերատեսչության պաշտոնական կայքում:

Այս ցուցակում Լեպսն ընդրգկվել է իր իսկական անվան տակ՝ որպես Գրիգորի Լեպսվերիձե: Այսուհետ Լեպսվերիձե-Լեպսի` ամերիկյան բանկերում գտնվող բոլոր ակտիվները կսառեցվեն, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին կարգելվի որևէ գործնական առնչություն ունենալ երգչի հետ:

Ամերիկյան ֆինանսների նախարարությունը պնդում է, որ Լեպսը անդրազգային «Եղբայրական շրջանակ» հանցավոր խմբավորման անդամ է: Նա, ըստ ամերիկացիների, կանխիկ գումար է փոխադրել աշխարհի տարբեր հատվածներ` հանցավոր խմբավորման ղեկավարների անմիջական հրահանգով:

Ուշագրավ է, որ Լեպսից բացի, ամերիկյան ֆինանսների նախարարության ցուցակում ընդգրկվել են ևս մի քանի հոգի, բոլորը՝ նախկին խորհրդային հանրապետություններից, ներառյալ հայեր:

Լեպսի հետ մեկտեղ, ամերիկացիները պատժամիջոցներ են կիրառել նաև 50-ամյա գործարար Արթուր Բադալյանի դեմ, որը, ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալների, հանդիսանալով Fasten Tourism ընկերության սեփականատեր, նույնպես ներգրավված էր ֆինանսական միջոցների անօրինական շրջանառությունը կազմակերպելուն ուղղված գործունեության մեջ: Բացի այդ, Բադալյանի տուրիստական ընկերությունը ռուսական մաֆիան օգտագործում էր սեփական ուղևորությունները կազմակերպելու համար:

Եվս մեկ հայազգի գործարար, ով, ըստ ամերիկյան կողմի, Գրիգորի Լեպսի հետ միասին ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ, Gurgen House ընկերության սեփականատեր Լազար Շահբազյանն է: Նրա ընկերությունը գործում է միանգամից չորս պետություններում` Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Շահբազյանը ևս, ամերիկացիների պնդմամբ, զբաղված էր գումարների անօրինական շրջանառությամբ:

Ինքը Գրիգորի Լեպսը կտրականապես հերքում է ներկայացվող մեղադրանքը: «Եթե ինձ արգելեն մուտք գործել Միացյալ Նահանգներ, մի կերպ կդիմանամ: Ինձ ներկայացվող մեղադրանքը նույնքան աբսուրդային է, որքան ժամանակին հնչած այն պնդումները, թե Ֆրենկ Սինատրան մաֆիայի անդամ է: Եթե այդպես է, ապա խորհուրդ կտայի ամերիկացիներին` հանեք Սինատրային գերեզմանից և դատեք նրան», - հայտարարել է Լեպսը:

Հայտնի երգչի գործի ընթացքին, ի դեպ, ուշիուշով հետևում են նաև Կրեմլում: Այս մասին երեկ հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հատուկ ընդգծելով, որ Լեպսը Վլադիմիր Պուտինի ամենասիրելի երգիչներից մեկն է: Ավելին, 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ Գրիգորի Լեպսը Վլադիմիր Պուտինի վստահված անձն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG