Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիևը նորից խոսել է տարածքային ամբողջականության մասին


Ադրբեջան - Իլհամ Ալիևը նախագահական ընտրությունների օրը, Բաքու, 9-ը հոկտեմբերի, 2013թ.

Ադրբեջան - Իլհամ Ալիևը նախագահական ընտրությունների օրը, Բաքու, 9-ը հոկտեմբերի, 2013թ.

Ադրբեջանի նախագահը հինգշաբթի օրը բացել է Բաքվի միջազգային մարդասիրական 3-րդ ֆորումը։

«Ադրբեջանը մարդասիրական աղետի է բախվել, միջազգայնորեն ճանաչված տարածքները` Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները, երկար տարիներ գրավված են»,- հայտարարել է Իլհամ Ալիևը միջազգային հավաքի բացման ելույթում։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը նշել է, թե ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի փախստական է դարձել։

«Մեր հողերի 20 տոկոսը գրավված է, այնտեղ ամբողջությամբ ոչնչացված է մշակութային ժառանգությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձև է ընդունել, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, միջազգային այլ կառույցներ հայկական կողմից պահանջել են դուրս բերել զավթիչների ուժերը, սակայն այդ որոշումները չեն իրականացվել», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքերով՝ միջազգային որոշ վճիռներ 5 րոպեում են իրականացվում, մինչդեռ այս որոշումները ավելի քան 20 տարի թղթի վրա են մնում։

Իլհամ Ալիևը նաև ասել է, որ ընթանում են բանակցություններ։ Նա ավելացրել է, թե վստահ է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ճանաչված է միջազգային համայնքի կողմից, անպայման պետք է վերականգնվի։

«Այս հակամարտության հետևանքով տեղի է ունեցել մարդու իրավունքների կոպիտ խախտում։ Փախստականները և տեղահանվածները պետք է վերադառնան իրենց տները, դա նրանց հիմնարար իրավունքն է», - պնդել է Ադրբեջանի նախագահը։

«Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Բաքվի 3-րդ մարդսասիրական ֆորումի աշխատանքներին մասնակցում են ավելի քան 100 երկրների պատվիրակներ` անվանի քաղաքական գործիչներ, նախկին նախագահներ, գիտության և մշակույթի ասպարեզում մեծ հեղինակություն վայելող մարդիկ, որոնց թվում կան նաև Նոբելյան մրցանակակիրներ։

Բաքվի մարդասիրական ֆորումի համանախագահներն են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը, սակայն, Բաքու չի ժամանել՝ բավարարվելով ուղերձ հղելով, որը ֆորումի ժամանակ ընթերցել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով նրա հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG