Մատչելիության հղումներ

Փոստանջյանը վիճարկում է իրավապահների անգործությունը Փակ շուկայի հարցում


«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան

Մինչ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը ամենօրյա փողոցային ակցիաներով է պայքարում Փակ շուկայի համար, Զարուհի Փոստանջյանը հուշարձանի փրկության հարցով դիմել է դատարան:

Ընդդիմադիր պատգամավորը վիճարկում է գլխավոր դատախազության անգործությունը․ կառուցապատման ընթացքում Փոստանջյանի տված հանցագործության մասին հաղորդումները իրավապահները մերժել են։
«Ըստ էության, իրենց դրսևորած անգործությունն է բողոքարկվում, որովհետև առկա են բավականին փաստեր, որոնք հիմք են հանդիսանում քրեական գործի հարուցման համար»,- ասում է Փոստանջյանը։

Դատախազության ներկայացուցիչն այսօր չէր ներկայացել դատարան և նիստը հետաձգվեց երկու շաբաթով: Ընդդիմադիր պատգամավորի ներկայացուցիչ Հերմինե Միքայելյանը առարկեց, կարծում է՝ դատախազությունը դիտավորյալ ձգձգում է։ Դատավորը, սակայն, կտրուկ արձագանքեց, թե երբ Փոստանջյանն էր Կապանում, դարձյալ ընդառաջել է ու հետաձգել նիստը: Փաստաբանի գնահատմամբ՝ Փակ շուկայի շինարարությունը վերից վար ապօրինի է՝ կառուցապատողը որևէ թույլտվություն չի ունեցել։

«Պետական մարմինների կողմից հովանավորչություն է եղել և չի կանխվել ոչ միայն արդեն ապօրինի շինարարությունը, նաև չի պարտավորեցվել վնասը հատուցել, վերականգնել և դադարեցնել»,- ասում է փաստաբանը։

Զարուհի Փոստանջյանը պնդում է՝ Տարոն Մարգարյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ու նաև վերականգնի պատճառած վնասը, նա է փաստաթղթեր տրամադրել Սամվել Ալեքսանյանին, ապա աչք փակել հուշարձանի աղճատման վրա։

«Սա կազմակերպված հանցագործություն է, որը տեղի է ունեցել ոչ միայն Սամվել Ալեքսանյանի ցանկությամբ, այլ նաև խիստ հովանավորչությամբ, որի գլխավոր հովանավոր բարձրաստիճան պաշտոնատար անձը Տարոն Մարգարյանն է»,- ասում է պատգամավորը։

Պատգամավորն ասում է՝ չի կարող մուտք գործ այս տեսքով շենք, բայց վստահ է, որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, և հուշարձանը պետք է բերվի նախկին տեսքի: Անդրադառնալով ամեն օր շուկայի մոտ կազմակերպվող հակընդդեմ ցույցերին՝ Զարուհի Փոստանջյանը համոզմունք հայտնեց, թե հենց անպատժելիության հետևանքն է, որ Ալեքսանյանի վարքագիծը օրեցօր ավելի ագրեսիվ է դառնում: Կարմիր գլխարկավոր կանանց պնդումները, թե աշխատատեղեր են ստեղծվել, Փոստանջյանը նվաստացուցիչ է համարում։

«Սա ոչ միայն վարկաբեկիչ է, այլ մենք մարդկային կերպարն ենք կորցնում, մենք միայն անասուն չենք, որ աշխատատեղ է մեզ պետք, այն էլ այդ չնչին փոքրիկ փշրանքներով... և ամեն ինչ պայմանավորել ստրուկի կարգավիճակ ունեցող աշխատատեղով, չի կարելի»,- ասում է պատգամավորը։

Ի դեպ, այսօրվանից առանց զգուշացնելու Զարուհի Փոստանջյանին չեն ուղեկցում ոստիկանները, որոնք ապահովում էին պատգամավորի անվտանգությունը, այն բանից հետո, երբ սպորտի և երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, թե նախագահին կազինոյում խաղալու մասին հարց տալու համար Փոստանջյանի պետք է այրել խարույկի վրա։

«Այդ անձինք, ովքեր հրապարակավ հայտարարել են իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մասին, քանի դեռ չեն ենթարկվել պատասխանատվության, իհարկե, վտանգը շարունակում է մնալ»,- ասաց պատգամավորը։
XS
SM
MD
LG