Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի փոխնախագահը անհիմն է համարում Տեր-Պետրոսյանի հայտարարությունները


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը իրականացնում է արկածախնդիր քաղաքականություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` հակադարձելով երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, երեկ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հրաժարական տա, քանի որ «նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար»: Առաջին նախագահը ընդծել էր, թե «արկածախնդիր քաղաքական դեգերումների պատճառով Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նաև նրա ղեկավարած երկիրը, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել, մեղմ ասած, անվստահելի գործընկերոջ համբավ՝ արտաքուստ թեև վերացական թվացող մի հանգամանք, որը, սակայն, իրականում չափազանց կոնկրետ, եթե ոչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար»։

Փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը

Փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը

Զոհրաբ Մնացականյանը, ով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանի գլխավոր բանակցողն էր, պնդեց, թե Հայաստանի հեղինակությունը չի ընկել. - «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն իրականացնում է արկածախնդիր քաղաքականություն: Հեղինակության պրոբլեմ Հայաստանը չունի: Հայաստանը ունի գործընկերներ, որոնք հետ աշխատում է և գտնում է ձևաչափեր և լուծումներ` ելնելով իրավիճակից: Հայաստանն իրականացնում է իր քաղաքականությունը` ելնելով իր անվտանգության և զարգացումից բխող շահերից և համագործակցում է իր բոլոր գործընկերների հետ: Իր գործընկերները Եվրամիությունն են, Եվրամիության անդամ երկրներն են, իր գործընկերները Ռուսաստանն է»:

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը պնդում է, թե Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հիմնավորումներից զուրկ է և չի համապատասխանում Հայաստանի քաղաքական իրականությանը:

​Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիր, Սահակյանի համոզմամբ, չկա և երբևէ չի լինելու. - «Մեր երկրում էլ նման սիտուացիաներ չեն լինի, որպեսզի որևէ նախագահ հրաժարական տա: Մի դեպքը բավական էր, որը կատարեց առաջին նախագահը, և թող հիշողությունը թարմացնի, թե ինչու համար: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, դա հասկանալի էր, որովհետև մեր երկրի կարևորագույն քաղաքական խնդիրը Ղարաբաղն էր, իսկ առաջին նախագահը դա տեսնում էր Ադրբեջանի կազմում` հատուկ կարգավիճակով: Նման դեպքերում, բնականաբար, հրաժարականի խնդիր պիտի լինի, [իսկ] այսօր նման խնդիրներ չկան»:

Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր նաև, որ ինքը նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն չունի, նաև ընդգծել է, որ չպետք է առաջադրվի նաև Ռոբերտ Քոչարյանը, ով «մարտի 1-ի սպանդի միջոցով իշխանության բերեց Սերժ Սարգսյանին»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը

Գալուստ Սահակյանը, մինչդեռ, Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների համար մեղավոր է համարում հենց առաջին նախագահին. - «Մեղքի մեծ բաժինը ընկնում է Լևոն Տեր-Պետրոսյանի վրա: Իր կազմակերպածն էր, կազմակերպիչների բանակ ուներ և ինքը պիտի կարողանար ճակատամարտից դուրս գալ կա'մ հաղթած, կա'մ էլ զոհեր չտար»:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունն է կրակ բացել, Սահակյանն արձագանքեց. - «Տեղում իշխանության ներկայացուցիչներ, կոնկրետ ես չեմ եղել... Տեղում իրենք են եղել: Եվ եթե այդպես են կարծում, ապա պիտի նաև որպես վկաներ հանդես գան. թող ասեն իշխանության որ ներկայացուցիչներն են կրակել»:

Ընդդիմադիր ՀՅԴ-ն և այլընտրանքային Դաշնակցությունը հրաժարվեցին մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած տեսակետները:

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել Հանրապետության առաջին նախագահի դիտարկում-վերլուծությունը», - ասաց ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը

Խորհրդարանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, «Ազատության» հարցին, թե որն էր Տեր-Պետրոսյանի հայտարարության նպատակը, պատասխանեց, թե դա ողջախոհության և խոհեմության կոչ է Սերժ Սարգսյանին: Եվ այդ կոչը հնչել է այս փուլում, որովհետև, ըստ Մանուկյանի` վիճակը հասել է «մի կրիտիկական պահի, երբ Հայաստանը մերժված է բոլոր ուղղություններից»:

«Օրհասական է վիճակը, շատ ծանր է», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG