Մատչելիության հղումներ

Ակտվիստներին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին. երկուսը բերման ենթարկվեցին


Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող մի քանի տասնյակ ակտիվիստներ այսօր փորձեցին մասնակցել Երևանի ավագանու նիստին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին նրանց ներս մտնել՝ պատճառաբանելով, թե դահլիճում ազատ տեղ չկա։

Արդյունքում ոստիկանների և նրանց միջև քաշքշուկ տեղի ունեցավ և ի նշան բողոքի ակտիվիստները նստեցին քաղաքապետարանի դիմացի աստիճաններին։
Ոստիկանները նրանց նկատմամբ ուժ գործադրեցին և հրելով իջեցրեցին աստիճաններից, իսկ քիչ անց բերման ենթարկեցին երկու ակտիվիստների՝ Դվին Իսանյանին և Վահագն Մինասյանին։ Նրանք ոստիկանությունում մոտ երկու ժամ անցկացնելուց հետո ազատ արձակվեցին։

Միջադեպից հետո քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանը ակտիվիստների հետ զրույցում հայտարարեց, որ նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մի քանի օր առաջ գրանցվել։

Ակտիվիսներին ասում էին՝ ավագանու նիստին մասնակցելու նպատակը այնտեղ հայտարարությամբ հանդես գալն է։ Այդ հայտարարությունը նրանք ստիպված եղան հնչեցնել քաղաքապետարանի մուտքի մոտ։

«100 օր է ինչ քաղաքացիները նստացույց են անում՝ պահանջելով օրինախախտ, կոռումպացված և քրեական վարքագծով պաշտոնյաների հեռացումը։ Երևանի ավագանին որևէ համարժեք արձագանք չի տվել այդ պահանջներին, ինչով մասնակից է դառնում իրականացվող հանցագործություններին։ Երևանի ավագանին այլևս անկախ մարմին չէ և չի կարողանում ներկայացնել երևանցիների հանրային շահը։ Դուք լեգիտիմացնում եք վերևից իջեցվող հակասոցիալական որոշումներն ու պաշտպանում կեղծ հանձնաժողովի գոյությունը»,- ասված է հայտարարությունում։

Ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիներն նոր ճակատ են ստեղծել թանկացման դեմ պայքարում։ Արդեն մի քանի օր է՝ Երևանի տարբեր փողոցներում 100° գրառումն է հայտնվում։ Այս նախաձեռնությունն իր շուրջ համախմբել մի քանի ընդդիմադիր կուսակցությունների, որոնք պատրաստ են համերաշխությամբ պայքարել հանուն հանրային շահերի պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման։

«Առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ քաղաքացիական դաշտն ու քաղաքական դաշտն իրար ոչ թե փորձում են հակադրվել, հակասել միմյանց, այլ զուգահեռ են գործելու։ Նախ 100-ը համ ասոցացիա է առաջացնում, համ էլ կարծում եմ, այնպիսի իրավիճակներ կստեղծվեն, որոնց մասին կարելի է ասել, որ իրոք թեժ են։ 100°-ը եռման կետն է»,- ասում է նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը։
XS
SM
MD
LG