Մատչելիության հղումներ

Հրատարակիչների ու գրավաճառների վրդովմունքն է հարուցել Կառավարության որոշումը, որը բոլոր ձեռնարկատերերին պարտավորեցնում է գնել և գործածել որոշակի արտադրության և չափորոշիչներով հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ), որոնց արժեքը նույն որոշմամբ սահմանվել է մինչև 400 հազար դրամ:

Հրատարակչական ու գրքի վաճառքի ոլորտի համար, ինչպես պնդում էին այսօր ասուլիս հրավիրած «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Հայգիրք» գրախանութների ցանցի տնօրեն Աշոտ Գաբրիելյանը և գրող, գրականագետ Հովիկ Չարչյանը, այս որոշումը նշանակում է, որ կրկին պիտի թանկանա գիրքը, և փակման վտանգի առջև կանգնեն գրախանութները:

Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ` սա տնտեսության մեջ մենաշնորհի` Կառավարության ներկայացրած հերթական հայտն է. - «Այս որոշումների համապատասխան, բոլոր հայաստանցի գործարարները քանի ՀԴՄ սարքի կետ ունեն, այդքան հատ ՀԴՄ-ներ են առնելու 369 հազար 600 դրամով: Դա տալ մենաշնորհի ձևով մեկին… Ինչո՞ւ չպիտի լինեն Հայաստանում 10, 20, 30, 40, 50 ընկերություններ, որոնք ներմուծում են [ՀԴՄ-ներ], և այդ մրցակցության հաշվին գինը էապես էժանանա»:

Մարտիրոսյանի պնդմամբ, նույն ՀԴՄ-ն, որը իրենց պարտադրում են գնել գրեթե 370 հազար դրամով, շուկայում կարելի է գնել 50-75 հազար դրամով:

Ասուլիսի բանախոսները փաստեցին, որ գրահրատարակչական ու գրավաճառ ոլորտն այսօր դժվար կացության մեջ է, եղած փոքրաթիվ գրախանութների տարեկան շրջանառությունը չի անցնում 400 հազար դրամից:

Հարցին, թե, իր կարծիքով, ինչ նպատակ է հետապնդում Կառավարության որոշումը, Մարտիորսյանն արձագանքեց. - «Ինչ-որ մեկին Հայաստանում արագ պետք էր աշխատել 40 հազար անգամ հազար դոլար: 40 միլիոն դոլար պետք էր արագ աշխատել: Հնարավորությունը տվել է Կառավարությունը»:

Մարտիրոսյանը կոչ արեց Տնտեսական մրցակցության հանձնաժողովին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին զբաղվել այս հարցով:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG