Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ «շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք ստանալու նպատակով», 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը», և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», հարուցվել է քրեական գործ:

«Նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Գ.-ն 1997 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է բաց բաժնետիրական ընկերություններից մեկի սեփականատերը, որին պատկանել է Երևան քաղաքում գտնվող 0․5 հեկտար հողատարածքը: 2008 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնյան օգտվելով պաշտոնեական դիրքից իրեն բազմիցս հրավիրել է ոստիկանության բաժնի իր աշխատասենյակ, սպառնալիքներ հնչեցնելով իր և ընտանիքի անդամների նկատմամբ հանցագործության մեղսագրմամբ հետապնդումներ իրականացնելու մասին, պահանջել է իրեն հանձնել վերը նշված հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը: Ոստիկանության պաշտոնյայի պահանջը մերժելուց հետո ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի անդամներին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից անհիմն սկսվել են հանցագործություններ մեղսագրվել», - ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի՝ հետապնդումներից խուսափելու նպատակով Գ. Գ.-ն իրեն պատկանող ընկերության 97 տոկոս բաժնետոմսերը 2009 թվականին ժամանակավորապես նվիրել է իր մտերիմ Լ. Տ.-ին, սակայն երբ հետապնդումները դադարել են, Լ. Տ.-ն հրաժարվել է վերադարձնել բաժնետոմսերը՝ խաբեությամբ տիրանալով ընկերության 97 տոկոս բաժնետոմսերին:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Ոստիկանության պաշտոնյային, որի ինքնությունը Հատուկ քննչական ծառայությունը չի հրապարակում, սպառնում է 6-ից մինչև 10 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG