Մատչելիության հղումներ

100 դրամի պայքարը «Բարև Երևան»-ը կհասցնի մինչև Ստրասբուրգ


Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի հուլիսյան ակցիաները Երևանում

Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի հուլիսյան ակցիաները Երևանում

Մայրաքաղաքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունում մեծ չեն սպասելիքները Վերաքննիչ դատարանից:

Թեպետ Վարչական դատարանը մերժել էր, այնուամենայնիվ, Վերաքննիչ վարչական դատարանը վարույթ ընդունեց հասարակական տրասպորտի ուղեվարձի թանկացման դեմ Երևանի ավագանում «Բարև Երևան» խմբակցության բողոքը:

Այս անգամ արդեն «Բարև Երևան»-ը բողոքում է ոչ միայն Երևանի քաղաքապետի այս տարվա հուլիսի 19-ի որոշման, այլև բողոքը վարույթ չընդունելու վերաբերյալ Վարչական դատարանի, մասնավորապես՝ դատավոր Արծրուն Միրզոյանի սեպտեմբերի 24-ի որոշման դեմ: Ըստ խմբակցության՝ դատավորի գործողությունները օրենքից դուրս են եղել, տրվել են կամայական մեկնաբանություններ:

Ընդդիմադիր խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մեծ սպասելիքներ չունի Վերաքննիչ վարչական դատարանից, թեպետ ուզում է «ամեն օր, ամեն անգամ հավատալ, որ այնտեղ էլ կարող են լինել մարդիկ, ովքեր չեն կորցրել իրենց խիղճը»:

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ ակնկալիքներ կան, որ հանրային մեծ հնչեղություն ստացած խնդիրը ի վերջո իրավական ճանապարհով կլուծվի, Սաֆարյանը արձագանքեց․ - «Ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար չափազանց հստակ պետք է լինի, որ այս գործով մենք մինչև Ստրասբուրգ գնալու ենք: Իհարկե, ցանկալի կլինի, որպեսզի մենք մեր խնդիրը լուծենք Հայաստանի ներսում, և բոլոր այն կեղծ հայրենասերները, ովքեր գտնում են, որ կեղտոտ սպիտակեղենը չպիտի հանվի ստրասբուրգեր և այլ մայրաքաղաքներ, ապա լավ կլինի՝ հենց հիմիկվանից մտածեն այն մասին, որ Հայաստանում արդարադատությունը սպառիչ և հասարակության շահերից բխող լուծումներ տա այս հայցադիմումին»:

Նախօրեին արդեն լրատվական կայքերից մեկը հնարավոր էր համարել, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցերն ուսումնասիրող հանձնաժողովը նույնիսկ 150 դրամից ավելի սակագին սահմանի, ինչին կհաջորդի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը՝ 150 դրամից ավելի գումար չսահմանելու մասին:

Ստյոպա Սաֆարյանը այս առումով ասաց, թե տպավորություն է ստեղծվել, որ քաղաքապետը ստեղծել է մի հանձնաժողով, որը գծատերերի փոխարեն հաշվարկում է սակագին և քաղաքապետարանի աշխատողների ներգրավմամբ հիմնավորում սակագների բարձրացման անհրաժեշտությունը: Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամը պնդում է, որ քաղաքապետարանը շարունակում է բացարձակապես առաջնորդվել գծատերերի շահերով:

«Հանձնաժողովը նրա համար չէ, որպեսզի հիմնավորի, թե ինչու պետք է թանկանա հասարակական տրանսպորտը: Այս պահի դրությամբ, Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որևէ հիմք առկա չէ մայրաքաղաքային հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու համար: Այն պահանջում է չորս պարտադիր գործոնների միաժամանակյա արտահայտում, դրանք չորսն էլ այս պահի դրությամբ առկա չեն, հետևաբար՝ որևէ հաշվարկ, որևէ հանձնաժողով, որևէ պաշտոնյա չի կարող ուղղակի իր կամայական մեկնաբանություններով հիմնավորել տրանսպորտի սակագնի թանկացումը», - հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը:
XS
SM
MD
LG