Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 31-ի մամուլ


Արձագանքելով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախօրեին արած հայտարարությանը, որով նա փաստարկում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտությունը` «Առավոտ»-ի խմբագիրը նախ հիշեցնում է լրագրող, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի` 90-ականներին գրած մի հոդված: «Արքայական ցուգցվանգ» վերնագրված այդ հոդվածում ապացուցվում էր, որ «նույն առաջին նախագահը ոչ մի լավ քայլ չունի, և ամեն մի քայլ բերելու է իրավիճակի վատթարացման»: «Ուզում եմ ասել՝ թե' փաստարկները, թե' ձևակերպումները 21,5 տարում չեն փոխվել, և դա օբյեկտիվ հիմք ունի. Հայաստանը երբեք երանելի, անվտանգ վիճակում չի եղել և տեսանելի ապագայում, ցավոք, չի լինի՝ դրսից, ներսից եղել են, կան և կլինեն մահացու սպառնալիքներ, որոնք պարբերաբար հարցականի տակ կդնեն մեր պետության գոյությունը: Ընդդիմությունը մշտապես ասել և ասելու է, որ սպառնալիքներն առաջանում են իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով, և միակ ելքը նախագահի հրաժարականն է: Կարող եք չկասկածել՝ ով էլ լինի Հայաստանի 4-րդ նախագահը, և երբ էլ նա զբաղեցնի այդ պաշտոնը, դրանից ամենաշատը կես տարի անց ընդդիմությունը կհայտարարի, որ վիճակն աղետալի է, և կպահանջի այդ նախագահի անհապաղ հրաժարականը», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը:

Նույն թեմայի շուրջ «Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Բնականաբար, դժվար է չհամաձայնել Տեր-Պետրոսյանի հոդվածում տրված գնահատականներին: «Սերժ Սարգսյանն ահա կանգնած է այսպիսի երկընտրանքի առջև. այն է` կա'մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա'մ էլ փորձանք բերի հայ ժողովրդի գլխին», - գրել է Տեր-Պետրոսյանը` որպես ճիշտ տարբերակ առաջարկելով Սերժ Սարգսյանին «խոհեմություն դրսևորել և հրաժարական տալ»: «Թե որքանով է իրատեսական ապավինել Սարգսյանի խոհեմությանը, կարծում ենք, միանգամայն պարզ է: Ուստի անհասկանալի է այս հոդվածը հրապարակելու` Տեր-Պետրոսյանի իրական նպատակը: Նա, ի դեպ, շտապում է նշել, որ ինքն անձամբ չի հավակնում Սերժ Սարգսյանի տեղին, ինչպես և բացառում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Եվ ուրեմն` ո՞րն է Տեր-Պետրոսյանի շարժառիթը. անկեղծ մտահոգությո՞ւնը ստեղծված իրավիճակի շուրջ: Միանգամայն հնարավոր է: Սակայն նկատենք, որ դա արտահայտելու համար բավականին տարօրինակ ձև է ընտրել ընդդիմության երբեմնի առաջնորդը», - գրում է «Ժողովուրդ»-ը:

Նախօրեին ադրբեջանական զինուժը գնդակոծել էր Իջևան - Բաղանիս հայ-վրացական միջպետական ճանապարհը: Թեև տուժածներ ու վիրավորներ չկան, այնուամենայնիվ ճանապարհը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Արձագանքելով այս փաստին` «Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Իսկ ո՞ւր է ՀԱՊԿ-ը, երբ Ադրբեջանը գնդակոծում է և ստիպում փակել Հայաստանի ճանապարհները, սպանում այդ ճանապարհներով անցնող քաղաքացիներին: Ո՞ւր է ՀԱՊԿ-ը, որը Հայաստանի անվտանգության դաշինքն է, որը պետք է Հայաստանը պաշտպանի հակառակորդների ոտնձգություններից: ՀԱՊԿ-ն այս ամենի հանդեպ լուռ է` այն դեպքում, երբ հենց այս միջադեպերի առիթով պետք է խոսել, սա է առարկայականը, այստեղ է, որ պետք է ցույց տալ Հայաստանի անվտանգությանը հետամուտ լինելու քաղաքական կամք և ցույց տալ, որ ՀԱՊԿ-ը կենսունակ դաշինք է: Սակայն ինչ-որ բան ցույց են տալիս եղած տեղից: ՀԱՊԿ-ում կենսունակություն չկա, այդ կառույցը չի կարող կենսունակ լինել Հայաստանի անվտանգության հարցում, այդ կառույցը կենսունակ է միայն Հայաստանը ռուսական շահերի տիրույթում պահելու հարցում՝ որպես շանտաժի և սպառնալիքների կառույցներից մեկը»:

«168 ժամ»-ը գրում է. - «Մաքսային միության անդամ երկրների կողմից Հայաստանի նկատմամբ քաղաքական ու քարոզչական հարձակումների համատեքստում վերջին օրերին որոշակիորեն փոխվել են եվրոպական դիվանագիտական ու փորձագիտական շրջանակների գնահատականները՝ Եվրամիության հետ Հայաստանի հետագա հարաբերությունների առնչությամբ: Սեպտեմբերի 3-ին հաջորդած հուսահատության ու ափսոսանքի գնահատականների փոխարեն` հիմա ավելի շատ են կարծիքներ հնչում այն մասին, որ Հայաստանի եվրոպական ապագան ամբողջությամբ կորսված չէ, որ Եվրոպան ինքը պետք է պայքարի Հայաստանի համար, որ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը շարունակում են մնալ ԵՄ-ի ու Հայաստանի հարաբերությունների օրակարգում: Եվրոպացիների ուղերձը շատ հստակ է. եթե մինչև նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը Հայաստանը որևէ կերպ կարողանա հետ կանգնել սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից, իրենք պատրաստ են նախաստորագրել Ասոցացման, Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը նույն բովանդակությամբ: Եվրոպայում, բնականաբար, տեսնում են, թե ինչպես են Մաքսային միության անդամ երկրները վարվում Հայաստանի հետ, լսում են Հայաստանի անդամակցության հարցը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու մասին ակնարկներն ու հայտարարությունները, արձանագրում են բոլոր այն քայլերը, որոնք Հայաստանի իշխանության համար կարող են ծանրակշիռ հիմք հանդիսանալ` Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը վերանայելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG