Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ ԽՎ-ի հանձնաժողովում բարձրացվել է Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարումների հարցը


Այսօր Երևանում մեկնարկած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը սկանդալային ընթացք ունեցավ:

Նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց պարզվեց, որ այն ապահովված չէ հայերեն թարգմանությամբ, ինչը հարուցեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դժգոհությունը. նա պահանջեց թարգմանություն ապահովել, քանի որ, մասնավորապես, ինքը ելույթ է ունենալու մայրենի լեզվով:

Հանձնաժողովի ղեկավար, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անատոլի Վիբորնին համաձայնեց, իսկ նիստը համանախագահող Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն էլ իր վրա վերցրեց թարգմանչի պարտականությունները:

Արդեն նիստից հետո, որը, ի դեպ, փակ էր, լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում Քոքոբելյանը հայտարարեց, թե իր ելույթի հայերեն թարգմանությունը չապահովելը, իր կարծիքով, խախտում է Հայաստանի Սահմանադրությունը և Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը:

«Սահմանադրությամբ ամրագրված է` մեր պետական լեզուն հայոց լեզուն է», - փաստարկեց նա:

Նիստից հետո Անատոլի Վիբորնին և Խոսրով Հարությունյանը ասուլիս հրավիրեցին, որը դարձյալ ի սկզբանե նախատեսված էր անցկացնել միայն ռուսերեն, քանի որ չկար թարգմանիչ, իսկ ներածական խոսքն էլ, թե նիստում ինչ հարցեր են քննարկվել, Խոսրով Հարությունյանը ներկայացրեց ռուսերեն:

Ըստ Հարությունյանի, հանձնաժ֊ողովի նիստն անցավ ռուսերեն էր, քանի որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովներից մեկի նիստն էր, իսկ ՀԱՊԿ-ում և կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում աշխատանքային լեզուն ռուսերենն է: Նրա փոխանցմամբ, Խաչատուր Քոքոբելյանը իրեն նախօրոք տեղեկացրել էր, որ ելույթ է ունենալու հայերեն, սակայն սինքրոն թարգմանությունը չի հաջողվել ապահովել զուտ տեխնիկական պատճառներով:

«Համենայն դեպս, պարոն Քոքոբելյանը իր հարցադրումները հասցրեց իր գործընկերներին», - եզրափակեց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Վիբորնիի և Հարությունյանի ասուլիսի բովանդակությանը, ապա ուշագրավ հանքմանքներ պարզվեցին տեղի ունեցած փակ նիստի վերաբերյալ:

Հայկական պատվիրակության պահանջով նիստում բարձերացվել է ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի և Բելառուսի կողմից Հայաստանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին մեծածավալ զենք-զինտեխնիկայի վաճառքի հարցը:

«Այսօրվա նիստում հարց է բարձրացվել, որ միգուցե ժամանակն է մշակել իրավական մի մեխանիզմ, որը հետագայում կկանխի նման մատակարարումները», - փոխանցեց Խոսրով Հարությունյանը:

Է'լ ավելի ուշագրավ էր Անատոլի Վիբորնիի հայտարարությունը. նա ասաց՝ ռուսական կողմն ընդունում է՝ Ադրբեջան զինտեխնիկայի մատակարարումների հետ կապված խնդիր կա. - «Հարցի քննարկումը շատ բուռն էր, առանց կոսմետիկ ձևավորումների, և ոչ ոք չէր փորձում հեռանալ խնդրից․ խնդիրը կա, մենք այն տեսնում ենք և այժմ քննարկում ենք այն լուծելու առավել հարմարավետ ու արդյունավետ ուղին»:
XS
SM
MD
LG