Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը կարծում է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա


Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն անհրաժեշտություն է։

Ilur.am կայքում տեղադրված հրապարակման մեջ Տեր-Պետրոսյանը ներկայացնում է այդ հրաժարականի հիմնավորումները։ Համաձայնելով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանի ավելի վաղ հնչեցրած հայտարարության հետ՝ Տեր-Պետրոսյանը ևս նշում է, թե Հայաստանի և Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունենալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն դրսևորի և ինքնակամ հրաժարվի իր պաշտոնից։

«Այն, որ վերջինս, բացառությամբ անձնական և կլանային բարգավաճման բնագավառի, այդ պաշտոնում բոլոր մնացյալ առումներով լիովին ձախողվել է, բանական մարդու մոտ, իհարկե, որևէ կասկած չի հարուցում։ Ի տարբերություն հարգարժան պատգամավորի, սակայն, իմ ելակետը ո՛չ թե Սերժ Սարգսյանի անցյալում գործած սխալներն ու հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա, արդյոք, որևէ օգտակար գործ կատարելու Հայաստանի և Արցախի համար։ Պատասխանը, որքան էլ ցավալի, միանշանակ «ո՛չ» է»,- ասում է Հայաստանի առաջին նախագահը և փաստարկում.- «Իր անհաշվենկատ, ավելի ճիշտ՝ արկածախնդիր քաղաքական դեգերումների պատճառով Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նաև նրա ղեկավարած երկիրը, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել, մեղմ ասած, անվստահելի գործընկերոջ համբավ՝ արտաքուստ թեև վերացական թվացող մի հանգամանք, որը, սակայն, իրականում չափազանց կոնկրետ, եթե ոչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար»։

«Ակնհայտ է, որ վստահելի գործընկերոջ համբավը վերականգնելու և ազգերի համաշխարհային ընտանիքում արժանի տեղ զբաղեցնելու համար Հայաստանը կարիք ունի համակարգային արմատական բարեփոխումների։ Ակնկալել, որ այդ բարեփոխումներն ի վիճակի է իրականացնել Սերժ Սարգսյանը, հավասարազոր է քաղաքական կուրության։ Այդ անձնավորությունից բարեփոխիչ կերտելու «միամտություն» իրենց կարող էին թույլ տալ միայն «իդեալիստ» եվրոբյուրոկրատները։ Սերժ Սարգսյանն ստեղծել է պետական կառավարման մի այնպիսի իդեալական համակարգ, որը լիովին ծառայում է սեփական բարգավաճման և իշխանության պահպանման նպատակին։ Նա հիմար չէ, որ կտրի այն ճյուղը, որի վրա նստած է»,- նշում է Տեր-Պետրոսյանը և շարունակում.- «Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Սերժ Սարգսյանը չի կարող որևէ դրական քայլ կատարել։ Եվ ընդհանրապես, նա այլևս ճիշտ քայլ չունի։ Շախմատային լեզվով արտահայտված, Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն։ Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար՝ ընդ որում թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյա-հոգեբանական առումներով։ Հետևաբար, իսկապես ժամանակն է, որ նա խոհեմություն դրսևորի և հրաժարական տա՝ ժողովրդին հնարավորություն ընձեռելով հիրավի ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու հանրապետության մի այնպիսի նախագահ, որն ի վիճակի լինի միջազգային հանրության աչքում վերականգնելու Հայաստանի՝ որպես վստահելի ու պատասխանատու գործընկերոջ վարկը, առանց որի անհնար է դիմագրավել երկրի առջև ծառացած անթիվ մարտահրավերները։ Հայաստանի ու Արցախի փրկության այլ ճանապարհ գոյություն չունի»։

Տեր-Պետրոսյանը իր հրապարակման ամփոփիչ հատվածում նշում է, թե Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականը ամենևին քաղաքական վենդետտա չի ենթադրում։

«Ավելին, կարծում եմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով»,- ընդգծում է Տեր-Պետրոսյանը։

Նա նաև նշում է, թե այս հայտարարությունը անձնական շահադիտություն չէ, քանի որ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն չունի։

«Ինքնըստինքյան հասկանալի է, որ եթե ոչ այլ, ապա թեկուզ միայն Սերժ Սարգսյանին մարտիմեկյան սպանդի միջոցով իշխանության բերելու պատճառով բացառելի է նաև Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը»,- նշում է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG