Մատչելիության հղումներ

logo-print
Առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեջ կասկածվող որդու պատճառով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը այս պահին չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Նախարարն այսօր Ազգային ժողովում անպատասխան թողեց հրաժարականի մասին լրագրողները հարցը:

Խորհրդարանում բյուջետային քննարկումներին մասնակցող Յուրի Վարդանյանը պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո չէր ցանկանում լքել դահլիճը` որդու կալանավորմանն առնչվող հարցերից խուսափելու համար:

«Մինչև դուրս գալը ես պիտի խնդրեմ, որ ինձ մեկն ուղեկցի, որովհետև լրագրողները ինձ հանգիստ չեն թողնի», - ասաց նա և դահլիճից դուրս եկավ միայն, երբ այդ պարտականությունն իր վրա վերցրեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցներից մեկը:

Վարդանյանը, այդուհանդերձ, ստիպված եղավ պատասխանել իրեն համառորեն հարցեր ուղղող լրագրողներին. «Նախ ես ձեզ ասեմ, որ որևիցե խնդիր չունի ո’չ տղաս, ո’չ էլ ես: Ու այդ հարցերով թող ընդհանրապես ինձ չդիմեն»:

«Ազատության» ճշտող հարցին, թե` փաստորեն հերքում է իր որդուն ներկայացված մեղադրանքը, նախարարն արձագանքեց. - «Ես ոչ մի բան չեմ հերքում: Անօրինական որ լիներ, այնտեղ չէր լինի»:

Իսկ հարցին, թե ճիշտ է արդյոք, որ իր որդին հայերեն չգիտի, ինչպես ասել է նրա պաշտպանը, Յուրի Վարդանյանն արձագանքեց. - «Պաշտպանը գլուխը քարն ա տվել»:

Նախարարի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հիշեցնենք, այս ամիս ավելի վաղ կալանավորվել է: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու կամ առաքելու և թմրամիջոցների մաքսանենգության մեջ։
XS
SM
MD
LG