Մատչելիության հղումներ

Նոր մարզչի խնդիրը «լինելու է մեկը՝ մասնակցել Եվրոպայի առաջնությանը»


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզումը Չեխիայում, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզումը Չեխիայում, արխիվ

«Այլևս մենք իրավունք չունենք ուրիշ խնդիր դնելու», - հայտարարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը ազգությամբ հայ չի լինի։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ միակ հայ մարզիչը, որին ինքը ցանկացել է տեսնել այդ պաշտոնում, արտերկրում աշխատող Միշել Տեր-Զաքարյանն է, ով մերժել է առաջարկը։

Հիմա բանակցություններ են տարվում մի քանի այլազգի մարզիչների հետ: Թե երբ հայտնի կդառնա հավաքականի նոր մարզչի անունը՝ դեռ պարզ չէ: Ռուբեն Հայրապետյանը չբացառեց, որ նա կարող է գերմանացի լինել, միանգամից խնդրելով դա չկապել իր մականվան («Նեմեց») հետ։

Միաժամանակ, նրա փոխանցմամբ, հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացող Վարդան Մինասյանը իրեն խորհուրդ է տվել, «որ ցանկալի կլինի՝ Հայաստանի հավաքականի մարզիչ լինի կա՛մ իսպանացի, կա՛մ իտալացի»: «Ինչի համար՝ որովհետև մեր խաղաոճը նման է, մեր ֆուտբոլիստները, նրանց որակները, նրանց անձնական որակները, այսպես ասած, նման է իսպանացիներին և նաև իտալացիներին», - նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Նա անկեղծացավ, որ նախկինում մարզչի ընտրության հարցում մի քանի անգամ սխալվել է, այդ պատճառով այս անգամ զգուշությամբ է ընտրելու։

Ինչ վերաբերում է Վարդան Մինասյանին՝ ֆեդերացիայի նախագահը ասաց, որ նա ուղղակի հրաշալի էր աշխատում, դա է ապացուցում նաև ներկայումս ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականի զբաղեցրած ռեկորդային՝ 38-րդ հորիզոնականը:

Հայրապետյանի կարծիքով՝ Մինասյանը մեծ ապագա ունեցող մարզիչ է, և ինքը շատ էր ցանկանում, որ նա շարունակեր աշխատանքը, մի քանի անգամ փորձել է համոզել, որ շարունակի մնալ հավաքականում, մինչդեռ Մինասյանը մերժել է։

«Ինքը պատրաստ է ցանկացած ժամանակ հայկական ֆուտբոլին ծառայել, բա՝ «աշխարհի որ ծայրն էլ լինեմ, որ ակումբ էլ գնամ, եթե դուք կանչեք ինձ, ասեք՝ եկեք, պետք եք մեր ֆուտբոլին, ես էլի կգամ, հիմա էլ ասեք ուրիշ աշխատանքում՝ էլի պատրաստ եմ», հավաքականի մարզիչ չի ուզում այս պահին, միգուցե ինքը իր բացատրությունները կտա՝ ինչի համար: Այնքանով, ինչքանով ես հասկացել եմ, ես կարծում եմ՝ ինքը պետք է մնար ազգային հավաքականի մարզիչ, ոչ մի պատճառաբանություն, կարող է՝ սուբյեկտիվ է իմ [կարծիքը], չեմ ընդունում և կցանկանայի՝ ինքը լիներ», - շեշտեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Ռուբեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ նոր մարզչի առջև մեկ խնդիր է դնելու՝ ամեն ինչ անել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար։

«Միայն մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Ես մի քանի անգամ նշել եմ՝ մեր հավաքականը այսօր այն հավաքականն է և ունի այն ներուժը, որ այլևս մենք իրավունք չունենք ուրիշ խնդիր դնելու: Մի այլ բան է՝ կստացվի դա, թե չի ստացվի, բայց խնդիրը լինելու է մեկը՝ որ մեր հավաքականը պետք է մասնակցի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը», - հայտարարեց Հայրապետյանը:

«Դա նաև իմ կյանքի նպատակն է, ես ամեն գնով պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի դա ունենանք», - ամփոփեց նա:
XS
SM
MD
LG