Մատչելիության հղումներ

Եղնուկյանի և Նախախորհրդարանի մեքենաները վնասողները բացահայտվել են


Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ցույցը Երևանի Փակ շուկայի մոտ, որի պատին Կարո Եղնուկյանի դիմանկարն է, 2-ը սեպտեմբերի, 2013թ․

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ցույցը Երևանի Փակ շուկայի մոտ, որի պատին Կարո Եղնուկյանի դիմանկարն է, 2-ը սեպտեմբերի, 2013թ․

Բացահայտվել է Փակ շուկայի պահպանման համար պայքարող Կարո Եղնուկյանի մեքենան վնասողը․ դա 27-ամյա Արթուր Հ․-ն է, ով արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ոստիկանությունից:

Ավելի վաղ, ըստ Ոստիկանության, բացահայտվել էր Նախախորհրդարանի մեքենան վնասողը՝ Խորեն անունով մի քաղաքացի:

Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին Փակ շուկայի պահպանության համար հերթական ակցիայի ժամանակ անհայտ անձինք պատռել էին Եղնուկյանի և Նախախորհրդարանի մեքենաների անվադողերը: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

Չնայած Եղնուկյանի մեքենան վնասելու մեջ կասկածվող անձը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ինքը ակտիվիստը չի հավատում, որ ոստիկանները իրական մեղավորներին են գտել:

Եղնուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ այս դեպքը իր և իր համախոհների նկատմամբ բազմաթիվ ահաբեկումների շարունակությունն է, որոնց հետևում կանգնած է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Փակ շուկայի դիմապատին ամրացված էին Նախախորհրդարանի անդամներ Կարո Եղնուկյանի և Գարեգին Չուգասզյանի լուսանկարները՝ «գրանտակերներ, օտարերկյա լրտեսներ, վարձու ընդդիմախոսներ» գրություններով: Եղնուկյանը հստակ կապ է տեսնում այս պաստառների և իր նկատմամբ իրականացված հարձակումների միջև, ոստիկանները, սակայն, այդ վարկածը չեն ընդունում:

Նշենք, որ Կարո Եղնուկյանը Ոստիկանություն էր դիմել նաև իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն նրան մերժել են՝ պատճառաբանելով, որ անվտանգության ապահովման համար հիմքերը բավարար չեն:
XS
SM
MD
LG