Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 30-ի մամուլ


«Ժամանակ» թերթը գրում է․ - «Գործազրկության նպաստի վերացման վերաբերյալ հարցերին իշխանության տարբեր ներկայացուցիչների տված պատասխանն այն է, որ պորտաբույծներն են ուտում այդ նպաստը, և հետևաբար հասարակությունն իրավունք չունի վճարել պորտաբույծներին: Իշխանությունների բերած այս փաստարկը սիմպտոմատիկ է, այսինքն՝ ըստ էության սա փաստարկ է ոչ թե կոնկրետ իրավիճակի հետ կապված, այլ ավելի շատ, այսպես ասած, իրեղեն ապացույց է այն բանի, որ Հայաստանում պետական կառավարման համակարգ ասվածն, ըստ էության, չի գործում»:

Շարունակելով թեման` «Չորրորդ իշխանություն»-ը գրում է․ - «Լավ, իսկ ինչո՞ւ է դա արվում միայն հիմա: Ինչ է, իշխանություններն առաջ չգիտեի՞ն, որ գործազրկության նպաստներն արդյունավետ չեն, որ մարդիկ, միևնույն է, դրանով չեն ապրում և այլն: Իհարկե գիտեին: Բայց արտագաղթի տեմպերը նրանց խուճապի են մատնել: Սրանք 10-15 տարի չարչարվել են, կատարյալ ճորտատիրական համակարգ են ստեղծել, երկրի տնտեսությունն իրենցով են արել, ոչնչացրել են քաղաքական դաշտը և դրանով իսկ իրենց ապահովագրել իշխանափոխությունից: Հսկայական ներդրումներ են արել ու կատարելագործել երկիրը մինչև վերջ թալանելու բիզնես-կառույցները: Ու հանկարծ պարզվել է, որ ամեն ինչ կա, բայց ճորտերը քչություն են անում և օրեցօր պակասում են: Ի՞նչ անել: Մտածել-մտածել ու լուծումը գտել են` պետք է կտրել նպաստները, որպեսզի սովը ստիպի ճորտություն անել: Անցած դարի 30-ականներին մարդկանց ստիպում էին կոլխոզներ մտնել ճիշտ մեթոդներով. ունեցվածքը խլում էին ու կոլխոզ մտնելը սովամահությունից փրկվելու միակ ելքն էր դառնում»:

«Ժողովուրդ»-ն անդրադառնում է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին դարձյալ թափ հավաքող լուրերին. - «Թեև մայրաքաղաքի հանրային տրանսպորտի սակագնի հարցերի ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները, իսկ Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներն էլ ամեն առիթով շեշտում են, որ խնդրի շուրջ ընթանում են թափանցիկ քննարկումներ` հաշվի առնելով հնչեցվող բոլոր փաստարկները, արդեն իսկ պարզ է, որ այդ հանձնաժողովն ի վերջո կատարելու տրանսպորտի սակագնի թանկացման մասին Տարոն Մարգարյանի որոշման լեգիտիմությունն ապահովող շղարշի դեր: Արդեն իսկ խոսվում է 200, անգամ 250 դրամի մասին, ըստ ամենայնի, որպեսզի սահմանվելիք 150 դրամը երևանցիների կողմից ընդունվի որպես չարյաց փոքրագույն: Սակայն արդյո՞ք դա տեղի կունենա: Արդյո՞ք հասարակության ակտիվ հատվածը կրկին չի ընդվզի, ինչպես նախորդ անգամ: Այս հարցի պատասխանը, վստահաբար, քաղաքային իշխանություններն ունեն, ու սակագնի թանկացման որոշման հետողորմյան, թերևս արված էր նաև որոշակի հաշվարկների հիման վրա: Ակտիվիստների պայքարի արդյունքում նախ գազի թանկացման հետ կապված համապետական սոցիալական բունտի վտանգը վերջնականապես չեզոքացվեց, բացի այդ, հասարակական դժգոհության թեյնիկից զգալի գոլորշի բաց թողնվեց: Ապա և հասարակության ուշադրությունը շեղվեց սպասվելիք կարևորագույն ճակատագրական գործընթացներից` կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ: Այնպես որ, առաջադրված բոլոր խնդիրները լուծված են: Եղանակներն էլ առաջիկայում կցրտեն, ուստի կարելի է հանգիստ կրկին գործարկել «Վճարիր 100 դրամ» շարժումը: Մի թեթև, իհարկե»:

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում, լսելով թղթակցի պատասխանը, թե տեղյակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը, նկատում է. - ««Դրանում է հարցը: Ասեմ ավելին, որքանով, որ ես եմ տեղեկացված ուկրաինացի գործընկերներից՝ ուկրաինական կողմը նույնիսկ պաշտոնապես չի ստացել Մաքսային միության վերաբերյալ փաստաթղթերը, թեև նրանց հրավիրում էին այդ կառույց: Չի կարելի ասել, թե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ գաղտնի էր պահվում, որովհետև այդ փաստաթղթի նախապատրաստմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ հայկական կողմից՝ փորձագետներ, քաղաքական գործիչներ: Այդ համաձայնագիրը հայտնի է շատերին կառավարությանը, և վստահ եմ, որ այն հայտնի է նաև մեր ռուս գործընկերներին ու նրանք գիտեն, որ դա ընդամենը կարգավորող փաստաթուղթ է: Ես ընդունում եմ, որ փաստաթղթի չհրապարակվելու հանգամանքը որոշակի շահարկումների առիթ է հանդիսացել: Բայց համաձայնագրի կողմերը Եվրահանձնաժողովն ու Հայաստանն են, և որքան որ հասկանում եմ, որևէ կողմ դրանից չի հրաժարվել և այն մնում է սեղանին, այո, բայց առայժմ այն առաջ չի ընթանում»:

Հեռախոսային գաղտնալսումների հետ կապված միջազգային նոր սկանդալի առիթով «Հրապարակ»-ը գրում է. - «Տարբերությունն այն է, որ աշխարհի հզորները լսում են ուրիշ հզորների խոսակցությունները և դա բացատրում են արտաքին անվտանգության, տեռորիզմի դեմ պայքարի և ուրիշ միջազգային անհրաժեշտություններով, իսկ մեզանում գաղտնալսվող սուբյեկտները մենք ենք՝ շարքային քաղաքացիներս, որոնց զրույցներն ու քայլերը իշխանություններին հետաքրքրում են բացառապես քաղաքական նկատառումներով և միմիայն իշխանական աթոռները պահպանելու նպատակադրմամբ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG