Մատչելիության հղումներ

Թուրքիայում արձագանքում են Վրաստանի ընտրություններին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սարպիի արդիականացված սահմանային անցակետի բացման ժամանակ, 31-ը մայիսի, 2011թ․

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սարպիի արդիականացված սահմանային անցակետի բացման ժամանակ, 31-ը մայիսի, 2011թ․

Անկարայում համոզված են, որ Մարգվելաշվիլին շարունակելու է Վրաստանի նախորդ երեք նախագահների վարած քաղաքականությունը:

«Թուրք - վրացական հարաբերությունները հասել են մի կետի, որից հետդարձ պարզապես չկա»․ - այսպես կարելի է բնութագրել թուրքական դիվանագիտական շրջանակների և վերլուծաբանների առաջին արձագանքը հարևան երկրում կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններին:

Անկարայում համոզված են` Վրաստանի նախորդ երեք նախագահները երկկողմ հարաբերությունների շատ ամուր հիմք են ստեղծել, և նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շարունակելու է նրանց վարած քաղաքականությունը:

Zaman-ի հետ զրույցում, օրինակ, Անկարայում գտնվող Բիլքենտի համալսարանի պրոֆեսոր Հասան Ալի Կարասարը նշում է․ - «Վրաստանի նորընտիր նախագահի օրոք մենք հարաբերությունների վատթարացման որևէ մտավախություններ չունենք: Դրա հետ մեկտեղ, էական բարելավումներ էլ հազիվ թե լինեն, քանի որ Թբիլիսիի և Անկարայի հարաբերություններն առանց այդ էլ գտնվում են հնարավոր ամենաբարձր մակարդակում»:

Թուրքական պաշտոնական շրջանակները ևս բավական լավատեսորեն են տրամադրված: Zaman-ի թղթակցի հետ զրույցում թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, նշել է․ - «Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները միշտ զարգացել են առանց որևէ խնդիրների: Մեր հարաբերություններն այնքան լավ են, որ Վրաստանում տեղի ունեցող քաղաքական ոչ մի զարգացում չի կարող հանգեցնել հարաբերությունների բուն էության փոփոխությանը»:

Անկարայում հույս ունեն, որ Մարգվելաշվիլիի իշխանության օրոք հնարավոր կլինի զարգացնել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերությունները: Թեև երկկողմ ապրանքաշրջանառությունը այս տարվա առաջին ութ ամիսներին կազմել է 770 միլիոն դոլար, այնուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ որոշակի անկում է արձանագրել` շուրջ 40 միլիոնով:

Բիլքենտի համալսարանի պրոֆեսոր Կարասարի խոսքով, սակայն, երկու երկրների տնտեսական կապերն արդեն իսկ շատ ամուր են․ - «Թուրքիայի և Վրաստանի տնտեսական ինտեգրացիայի մակարդակը այն աստիճանի է հասել, որ անհնարին է դարձնում քաղաքական որևէ տեսակի շրջադարձը»:

Թուրք վերլուծաբանի կարծիքով՝ Վրաստանը Անկարայի համար կարևոր դերակատարություն ունի նաև հայ - թուրքական հարաբերությունների համատեքստում: «Վրաստանը Հայաստանի մեկուսացման գործում առանցքային դերակատարություն ունի», - պնդում է թուրք գիտնականը` մատնանշելով վերջին մեկ տասնամյակում իրականացված տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ նախագծերը:

«Երբ ավարտին հասցվի Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությունը, Վրաստանը կդառնա այն հիմնական ուղիներից մեկը, որը կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ», - նշում է Ալի Կարասարը Zaman-ին տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG