Մատչելիության հղումներ

Եվս մեկ «Երևան սիթի»՝ այս անգամ Արեշի շուկայի փոխարեն


Եվս մեկ «Երևան սիթի»՝ այս անգամ Արեշի շուկայի փոխարեն
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00
Ծածկած շուկայի պաշտպանության համար նախատեսվող այսօրվա բողոքի ակցիան չկայացավ։ Նախախորհրդարանի անդամները հայտարարեցին, թե հստակ տեղեկություններ ունեն, որ հակառակ բևեռից բախումներ են հրահրվելու։

«Երեկ նրանց խոսնակ Սուրեն Սուրենյանցը բաց տեքստով հայտարարեց, որ եթե ոստիկանությունը չկարողանա մեզ մաքրել, իրենք կանեն այդ գործը, իսկ մենք, ինչպես միշտ հայտարարում ենք՝ չնայած մեր պայքարը տանելու ենք, բայց խուսափելու ենք բախումից, որովհետև մեր մյուս կողմում բացի քրեական տարրից նաև մեր ժողովուրդն է կանգնած»,- հայտարարեց Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը։

Մինչ ակտիվիստները պայքարում են Երևանի երբեմնի հուշարձանը վերականգնելու համար, մայրաքաղաքի մեկ այլ հատվածում հերթական «Երևան սիթի»-ն է նախատեսվում կառուցել։ Էրեբունու շուկայի վաճառողներն ասում են՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է նաև Արեշի շուկան։ Թեև այստեղ հուշարձանի խնդիր չէ, բայց այստեղ էլ մոտ 50 աշխատողներին գործազրկությունն է սպառնում. մինչև դեկտեմբերի 31-ը շուկայում սեփական բերքը վաճառող գյուղացիներն ու վերավաճառողները պետք է ազատեն տարածքը, ինչպես իրենք են ասում՝ զրկվելով եկամուտի միակ աղբյուրից։

«Կարելի՞ էր չէ առաջնահերթ այս 40-50 հոգու համար ինչ-որ բան ձեռնարկեին, մտածեին, որից հետո ազատեինք մենք շենքը։ Այդ 40 ընտանիքն ինչո՞վ պետք է ապրի, որևիցե մի իշխանություն մտածում է այդ մասին, որ այս մարդիկ ստեղ երեխայի հացի փող են վաստակում, ի՞նչ պետք է լինի դրանց վիճակը։ Դիմացն էլ ձմեռ է, ամենաթունդ ամիսները՝ հունվար, փետրվար, մարտ»,-ասացին վաճառողները։

Գազի, էլեկտրաէներգիայի գնի բարձրացումներ, ընդհանուր թանկացումներ ու հիմա էլ աշխատանքից զրկվելու վտանգ, «Ազատության» հետ զրույցում մտահոգություն են հայտնում շուկայի աշխատողներն ու հավելում, որ նույնիսկ այս աշխատանքով էին հազիվ ծայրըծայրին հասցնում, ու թեև իրենց ֆիզիակականն ու առողջականը ներում է, բայց գործատուի համար արդեն ծեր են համարվում ու նոր աշխատանք գտնելու հույս չունեն։

Իրենց խնդիրների մասին են պատմում նաև սեփական ապրանքը այս շուկայում վաճառող գյուղացիները։ Ասում են՝ ամբողջ ամառ տանջվում, դաշտերում արևի տակ մշակում են բերքը, որ դրամ վաստակեն, ընտանիք պահեն, հիմա էլ փաստորեն վաճառելու տեղ չունեն։

«Մնում է թողնեմ, գնամ Ռուսաստան, բա որտե՞ղ բերեմ ծախեմ, որ Հայաստանում շուկա չկա։ Դրսում, փողոցի հայաթն էլ չեն թողնում, միլիցեքը գալիս, հանում են, փողոցային առևտուրն արգելված է»,- բողոքեցին գյուղացիները։

Արեշի շուկայի տնօրենի հետ մեզ զրուցել չհաջողվեց, նկարահանման պահին նա տեղում չէր, իսկ աշխատակիցն էլ ասաց, որ հարցերին պատասխանելու իրավասություն չունի, միայն վերջում ռեպլիկի ձևով նշեց, որ լավ օրից չէ, որ վաճառել է, մարդը տարածքը վաճառել է՝ հարկերը մուծելու հնարավորություն չունենալու պատճառով։

Ծածկած շուկայի համար պայքարող ակտիվիստները «Ազատության» հետ զրույցում խոստացան, որ պայքարելու են նաև Արեշի շուկայի աշխատողների իրավունքների համար։

«Էն ամբողջ տեղեկատվությունը, որ տարածվում է իբրև թե աշխատատեղեր են բացվում, չի խոսվում այն մասին, թե ինչքան աշխատատեղեր են փակվում։ Քաղաքում էկոհամակարգ կա և չի կարելի ամեն ինչ մենաշնորհել և այդ մենաշնորհից տուժելու է ամբողջ բնակչությունը, որովհետև հետագայում ունենալով մենաշնորհված ցանց, ինչ գին ուզեն, բարձրացնելու են, հետո ժողովրդին հրամցնեն և մենաշնորհված տնտեսության մեջ ժողովուրդն անպաշտպան է լինելու»,- ասաց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG