Մատչելիության հղումներ

Ակտիվիստները կտրուկ գործողություններ են խոստանում


Երևան -- Բողողքի ակցիա տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ, արխիվ
Երևան -- Բողողքի ակցիա տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ, արխիվ
Մայրաքաղաքում տրանսպորտային հարցերը քննարկելու համար ստեղծված հանձնաժողովի անկախ փորձագետները սպառնում են դուրս գալ Տարոն Մարգարյանի նախաձեռնած հանձնաժողովից՝ պատճառաբանելով, թե միևնույնն է՝ իրենց ներկայացրած առաջարկները չեն ընդունվում, հակափաստարկները ուշադրության չեն արժանանում։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանը և Արմեն Պողոսյանը հանձնաժողովի այն սակավաթիվ անդամներից են, որոնք դեմ են սակագնի բարձրացմանը և փորձում են վերլուծություններով ապացուցել, որ թանկացումն ամենևին պարտադիր չէ։

Բաբկեն Պիպոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր համար վերջին նիստից հետո պարզ դարձավ՝ հանձնաժողովի 37 անդամներից շատերը քվեարկում են անգամ առանց փաստաթղթերին ծանոթանալու։

«Եթե բոլորը առանց հակափաստարկի քվեարկում են կողմ, ապա դա ինչ-որ իմաստով ընդունելի է, բայց հակափաստարկի պարագայում կողմ քվեարկել և հաշվետվություն չտալ, սա արդեն անթույլատրելի է»,- ասաց Պիպոյանը՝ ասելով, որ այսպես շարունակվելու դեպքում ինքը անելիք չունի հանձնաժողովում։

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով՝ այս հանձնաժողովի աշխատանքների վերջը չի երևում, ամեն ինչ անհասկանալիորեն ձգձգվում է, մինչդեռ հարցին պետք է շտապ լուծում տրվի։ Պողոսյանը առաջիկա նիստին կմասնակցի և ամեն դեպքում կփորձելի ներկայացնել գինը չբարձրացնելու իր փաստարկները։

«Եթե անարդյունավետ լինի, ես էլ դուրս կգամ։ Բայց ես կարծում եմ, որ բոլոր շանսերը պետք է օգտագործել, արգումենտի դեմ արգումենտ են ներկայացնում, ոչ թե բոյկոտ անում։ Չնայած բոյկոտն էլ ճիշտ, դա էլ մի եղանակ է, որը նույնպես պետք է կիրառել»,- ասաց Պողոսյանը։

Քաղաքապետարանի տարածքից այսօր առավոտյան հեռացել են նաև ուղեվարձի բարձացման դեմ պայքարող և ոլորտի պատասխանատուների հրաժարականը պահանջող ակտիվստները։

Ավելի քան երեք ամիս շարունակված նստացույցից հետո այժմ նրանք խոստանում են անցնել կտրուկ գործողությունների՝ առանց հավելյալ մանրամասների։

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Սևակ Մամյանի խոսքով՝ իրենք դեռևս մի քանի օր էլ կսպասեն, հետո արդեն մեծ հավաք կկազմակերպեն և կքննարկեն առաջիկա գործողությունների ծրագիրը։

Մամյանն ասում է՝ քաղաքապետարանի հանձնաժողովը ստեղծվել է պարզապես թանկացումը արդարացնելու համար։

«Իրենց հրապարակած 200-250 գները, դրանից հետո հայտարարությունը, թե՝ «ճիշտ է չենք կարողանա աշխատել նույնիսկ 150-ով, բայց քանի որ ժողովրդի վիճակը լավ չէ...» այսինքն շոու է սա, որ «տեսեք, կարող էր 200 լիներ, բայց մենք ընդառաջում ենք, 150 ենք առաջարկում, այսինքն այն նույն սակագինը, որի դեմ պայքարել ենք։ Այս հանձնաժողովի աշխատանքներին լուրջ վերաբերվելը իմաստ չունի»,- ասաց Մամյանը։
XS
SM
MD
LG