Մատչելիության հղումներ

20 բուհ՝ խոշոր հարկատուների ցանկում


Երևանի պետական բժշկական համալսարանի շենքը

Երևանի պետական բժշկական համալսարանի շենքը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 20 բուհ և Կրթության ազգային ինստիտուտը:

Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 1 միլիարդ 172 միլիոն դրամ (մոտ 2․9 միլիոն դոլար) վճարման ցուցանիշով, երկրորդը Երևանի պետական համալսարանն է՝ 73-րդ տեղ, վճարել է 1 միլիարդ 149 միլիոն դրամ, երրորդը` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 549 միլիոն 72 հազար դրամ ցուցանիշով 159-րդ տեղում է:

Խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայ - ռուսական (սլավոնական) համալսարանը, Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի ոստիկանական ակադեմիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Ֆրանսիական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան և Գավառի պետական համալսարանը:

Թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 6․3 միլիարդ դրամ, փոխանցում է կրթության և գիտության նախարարությունը՝ նշելով, որ նախորդ տարվա ցուցանիշը եղել է շուրջ 3․9 միլիարդ դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG