Մատչելիության հղումներ

«Ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանը մոտ ապագայում չի անդամակցի ՄՄ-ին»


Ռուսաստան - Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Նովո-Օգարյովոյում, 3-ը սեպտեմբերի, 2013թ․

Ռուսաստան - Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Նովո-Օգարյովոյում, 3-ը սեպտեմբերի, 2013թ․

Իսկ այս գործընթացը նախաձեռնելով՝ Մոսկվան երկու նպատակ էր հետապնդում, ընդգծում է ԵՊՀ-ի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը:

Ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը հարթ չի լինելու, և Հայաստանը մոտ ապագայում չի անդամակցելու միությանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

«Հայաստանը որպես տնտեսական միավոր այնքան էլ հետաքրքիր չէ Մաքսային միության երկրների համար: Որովհետև այն մեծ խնդիրները, որ ունի Հայաստանը՝ դա մասնավորապես Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունն է, Ջավախքում խնդիրները, Թուրքիայի հետ փակ սահմանը, այսինքն՝ այդ ամբողջ ժառանգությունով Հայաստանը մտնում է Մաքսային միություն, հետևաբար՝ այդ խնդիրները նաև դարձնելու է Մաքսային միության անդամ երկրներինը», - ասաց վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Իսկ Մաքսային միության երկրներից երկուսը առնվազն ունեն բավականին սերտ համագործակցություն Ադրբեջանի հետ՝ մասնավորապես Ղազախստանը և Բելառուսը, երկուսն էլ, ըստ էության, արդեն իրենց դիրքորոշումը արտահայտեցին, որ պետք է խորհրդակցեն Ադրբեջանի հետ մինչև Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»:

Իսկ այս գործընթացը նախաձեռնելով՝ պաշտոնական Մոսկվան երկու նպատակ էր հետապնդում․ առաջինը Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա փակելն էր, երկրորդը Արևելյան գործընկերության ծրագրի ականապատումն էր՝ հիմնական թիրախ ունենալով Ուկրաինան, շարունակեց Ղազինյանը:

«Եվ իմ խորին համոզմամբ՝ այստեղ մենք գործ ունենք ավելի շատ ոչ թե Հայաստանի ակտուալ ավարտական Մաքսային միության անդամակցության հետ, որքան՝ դադարեցնելու Հայաստանի եվրոպական այդ ամբիցիաները, որ արդեն երեքուկես տարի Հայաստանը ցույց է տալիս ամբողջ աշխարհին, և, ուրեմն, գցելու Հայաստանի միջազգային վարկանիշը», - ընդգծեց Արթուր Ղազինյանը և մանրամասնեց․ - «Որովհետև երեքուկես-չորս տարիների ընթացքում Հայաստանի վարկանիշը հասել էր հնարավոր մաքսիմումին, և այն ընկալվում էր որպես վստահելի և հուսալի գործընկեր եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների հետ, հետևաբար՝ արդեն իսկ վտանգ էր ներկայացնում Ռուսաստանի համար, որ կարող է Հայաստանը ինչ-որ մի պահի որոշեր ինքնուրույն գործել»:

Փաստորեն, Հայաստանը, հայտարարելով Մաքսային միությանը անդամակցելու մասին, խիստ նվազեցրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հավանականությունը, սակայն դատելով Մինսկի հանդիպումից հետո հնչող հայտարարություններից և ռուսաստանյան պետական լրատվամիջոցների կողմից հնչող մեկնաբանություններից՝ Մաքսային միությանը անդամակցելու հեռանկարները ևս մշուշոտ են:

Հարցին, թե ինչ է սպասում Հայաստանին այս պարագայում, Արթուր Ղազինյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ այս իրավիճակը կշարունակվի մինչև 17-18 թվականների ընտրական ցիկլը, և այդտեղ արդեն պարզ կլինի, թե քաղաքական ուժերի ինչպիսի հարաբերակցություն մենք կունենանք արդեն խորհրդարանում, իսկ այդուհետև՝ արդեն նախագահի ընտրության ժամանակ, և արդեն իսկ պարզ կլինի, թե Հայաստանը վերջնական որ ճանապարհով կգնա: Իմ կարծիքով՝ Հայաստանը մինչ այդ Մաքսային միության լիիրավ անդամ չի դառնա, որովհետև խնդիրները բավականին շատ են, ներսում էլ չկա համաձայնություն՝ միության ներսում չկա այդ փոխհամաձայնությունը, ինչպես նաև Հայաստանում են խնդիրները բավականին շատ»:

«Այսինքն, այս պահի դրությամբ մենք կունենանք գործընթաց ընդամենը, և մենք դա կդիտարկենք, բնականաբար, մինչև ընտրություններ», - ամփոփեց փորձագետը:
XS
SM
MD
LG