Մատչելիության հղումներ

Առաջին ալիքը կասկածի տակ է առել Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին


«Воскресное время»-ի հաղորդավար Իրադա Զեյնալովա
«Воскресное время»-ի հաղորդավար Իրադա Զեյնալովա
Կրեմլի հետ իր կապերով հայտնի և պաշտոնական Մոսկվայի տեսակետը հանրությանը ներկայացնող ռուսաստանյան Առաջին ալիքի գլխավոր քաղաքական թողարկման ընթացքում հաղորդավարը, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության թեմային, նշեց, թե Երևանի ցանկությունը դառնալ միության անդամ, առաջիկայում ցանկություն էլ կմնա՝ «Ադրբեջանի հետ տարածքային չլուծված հարցի՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով»:

Խոսքը երեկ երեկոյան ռուսաստանյան Առաջին ալիքով հեռարձակված «Воскресное время» վերլուծական հաղորդման մասին է, որի հաղորդավարուհի Իրադա Զեյնալովան, մասնավորապես նշեց.- «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ` խոսակցությունը Մաքսային միության ընդլայնման շուրջ վերածվել է լարված քննարկման, քանի որ ի սկզբանե Մաքսային միությունն այն երկրների միությունն է, որոնք կատարում են միևնույն պարտավորությունները, և այդ պատճառով Հայաստանի միանալու ցանկությանը պատասխանել են, որ առաջիկայում դրանք այդպես էլ կմնան ցանկություններ՝ Ադրբեջանի հետ տարածքային չլուծված հարցի՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով»:

Այստեղ հարկ է հիշեցնել Եվրազեսի գագաթնաժողովից առաջ՝ Մինսկում հրավիրված ասուլիսի ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտնի հայտարարությունը՝ Մաքսային միությանը Երևանի միանալու հարցի վերաբերյալ.- «Հայաստանը ունի չլուծված տարածքային խնդիր, նշանակում է Ադրբեջանի կողմից հարցեր կլինեն: Ինչպես հասկացա, Իլհամ Ալիևը իր ղազախ գործընկերոջն արդեն տվել է նման հարց: Մենք պետք է հաշվի նստենք Ադրբեջանի կարծիքի հետ»:

Այսօր դիմեցինք «Воскресное время» հաղորդման խմբագրություն՝ հրապարակված տեղեկության աղբյուրը հստակեցնելու խնդրանքով, սակայն այնտեղից որևէ պատասխան չստացվեց:

Կապվեցինք Երևանում Ռուսաստանի դեսպանատան հետ, թե ինչքանո՞վ են լուրջ ռուսաստանյան Առաջին ալիքի աղբյուրները և արդյոք Մինսկում հայաստանյան պատվիրակությանը ասվե՞լ է, որ առաջիկայում Երևանը չի կարող դառնալ միության անդամ: Դեսպանատան լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե չեն մեկնաբանում հեռուստաալիքի հաղորդումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատությանը» փոխանցեց, որ Մինսկում տեղի ունեցած գագաթնաժողովի վերաբերյալ տեղեկությունը հրապարակված է Հայաստանի նախագահի և այլ երկրների ղեկավարների պաշտոնական կայքէջերում և զետեղված է պաշտոնական փաստաթղթերում, ու դա է տեղեկատվության միակ պաշտոնական ու հավաստի աղբյուրը:

Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը փոխանցեց, թե նախ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա գոյություն ունի միայն մեկ ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել ո՛չ Եվրասիական միության ձևաչափով, ո՛չ էլ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման արդյունքում կարող է նոր ձևաչափ ստեղծվել:

«Իսկ ինչ վերաբերում է Մաքսային միությանը անդամակցությանը, պետք է ասեմ, որ երբ սեպտեմբերի 3-ին եղավ այդ քաղաքական հայտարարությունը և ձևավորվեց աշխատանքային խումբ, կարծում եմ՝ դա եղել է երկուստեք, փոխադարձ համաձայնության պարագայում, այլապես նման հայտարարություն մենք մեզ թույլ չէինք տա անել և չէր էլ կարող լինել։ Իսկ թե Մաքսային միության անդամների մեջ ինֆորմացված լինելու պակաս, խնդիր կամ տարաձայնություն կա, ես չեմ կարող պարզաբանում տալ, որովհետև դա բացառապես իրենց խնդիրն է»,- ասաց Սահակյանը։

Վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը, ով ժամանակին եղել է Ռուսաստանում Հայաստանի ժամանակավոր հավատարմատար, իսկ հետո՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը, այսօր մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ներկայիս Ռուսաստանում բացառված է, որ երկրի գլխավոր հեռուստաալիքով ու հատկապես Մոսկվայի արտաքին քաղաքականության համար կարևոր հարցի վերաբերյալ հնչեցվի Կրեմլի հետ նախօրոք չհամաձայնեցված տեղեկություն կամ կարծիք:

«Երբ Հայաստանը սեպտեմբերի 3-ին կտրուկ շրջադարձ արեց իր արտաքին քաղաքականության մեջ, հրաժարվեց ստորագրել Ասոցացման պայմանագիրը, գնաց դեպի Մաքսային միություն, մենք զգուշացրեցինք, որ նման պրոցեսներում միշտ կան մարտահրավերներ ու պրոբլեմներ։ Առաջին պրոբլեմը՝ դու հեռանում ես Եվրոպայից, և մենք տեսնում ենք՝ ինչ արձագանքներ կան, մեզ Եվրախորհրդարանում հիշեցրեցին, որ մենք «զավթել» ենք Արևելյան գործընկերության մեկ այլ երկրի տարածքը, մինչդեռ չորս տարվա ընթացքում մեզ բան չէին ասում... և եկանք Մաքսային միություն, որը կայացած չէ, Մաքսային միությունում գնում է կայացման պրոցեսը և ինչքան կտևի դա՝ 10 տարի, 20 տարի, դժվար է ասել։ Բելառուսն իր շահն ունի, Ռուսաստանն՝ իր, Ղազախստանն՝ իր։ Այդ շահերը դեռ չեն համընկել, դեռ չեն դարձել համահունչ»,- նկատեց Գրիգորյանը։

Ի դեպ, Գրիգորյանը նաև նշեց, թե Առաջին ալիքի նման հաղորդումը ուղղակի վկայում է, որ անհիմն է Հայաստանի իշխանությունների ներկայացրած այն մոտեցումը, թե անդամակցելով Մաքսային միությանը՝ մենք լուծում ենք անվտանգության հարց, և Ղարաբաղի խնդրում Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին, քանի որ միությունից հնչում է հայտարարություն՝ կարգավորեք Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները, հետո նոր եկեք:
XS
SM
MD
LG