Մատչելիության հղումներ

Հայաստանում դրական են տրամադրված Վրաստանի նոր նախագահի նկատմամբ


Իշխող ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանով
Իշխող ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանով
Իշխող Հանրապետականը Վրաստանի նոր նախագահի հետ ևս մտադիր է զարգացնել երկկողմ հարաբերությունները, խնդիրներն էլ լուծել միայն բանակցային ճանապարհով, այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում նման պատրաստակամություն է հայտնել նաև Վրաստանի նոր կառավարությունը։

Ինչ վերաբերում է հեռացող Սաակաշվիլիին, Շարմազանովը ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնելուց՝ նշելով, թե այժմ դա կոռեկտ չէ։

«Անկախ նրանից՝ Հայաստանում կամ Վրաստանում ով կլինեն իշխանություններ, մենք պետք է մեր խնդիրները լուծենք բարեկամաբար և բացառապես բանակցությունների միջոցով»,- ասաց Շարմազանովը։

Հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Վրաստանում նախագահի փոփոխությունը ոչինչ չի փոխի, քանի որ իշխանափոխությունը, ըստ էության, տեղի էր ունեցել դեռևս ամիսներ առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս ընտրություններից հետո, ըստ Մարուքյանի, Վրաստանն ընդամենը ամբողջությամբ անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգի։

«Մեզ համար ակնհայտ է, որ Իվանիշվիլիի այցը Հայաստանի Հանրապետություն և հարաբերությունների բարձր մակարդակում քննարկված հարցերը և դրանց արձագանքները շատ դրական էին, հետևաբար Վրաստանի նախագահի ընտրություններից հետո, ըստ էության, բան չի փոխվելու»,- ասաց պատգամավորը։

Նույն հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թևան Պողոսյանն իր հերթին նշում է՝ կապ չունի թե ով է Վրաստանում իշխանության ղեկին, մեր շահերից ելնելով Հայաստանը միշտ էլ պետք է ձգտի լավ հարաբերություններ պահպանել հարևան երկրի հետ։

«Պետք է կարողանանք գիտակցել, որ մեր խնդիրները պետք է չպայմանավորվեն Վրաստանի տեղի ունեցող ներքին փոփոխություններով, միշտ պետք է կարողանանք ունենալ շատ ջերմ, բաց աշխատանքային հարաբերություններ»,- ասաց Թևան Պողոսյանը։

Պողոսյանի կարծիքով՝ նոր իշխանությունը այսուհետ իր քաղաքականության մեջ հաշվի կառնի նաև տարածաշրջանային խնդիրները և թերևս չի նպաստի տարանջատմանը։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում Վրաստանում նոր նախագահի ընտրությունը դրական գնահատեց։ Նրա կարծիքով՝ այսուհետ հարևան երկրի արտաքին քաղաքականությունը կախված է միայն վարչապետ Իվանիշվիլիի ղեկավարած դաշինքից, և նախկին պատմությունը այլևս չի կրկնվի, երբ Սաակաշվիլին Հայաստանի հասցեին կոշտ արտահայտություններ էր թույլ տալիս՝ անհարմար դրության մեջ դնելով երկրի կառավարությանը։

«Ես կարծում եմ, որ առնվազն որոշ չափով կմեղմվեն նաև վրաց-ռուսական հարաբերությունները։ Այդ առումով հայ-վրացական հարաբերությունների խոչընդոտների կամ խնդիրների քանակը կնվազի, և դա դրական կազդի Երևանի և Թբիլիսիի միջպետական հարաբերությունների վրա»,- ասաց քաղաքագետը։

Մինասյանի կարծիքով՝ նոր իշխանությունը դրական է տրամադրված նաև վիրահայության հանդեպ, ինչը, վերլուծաբանը, շատ կարևոր է համարում։
XS
SM
MD
LG