Մատչելիության հղումներ

Արամ Սաթյան․ «Ինձ ձայն տվողները ստեղծագործողներ էին»


Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նորընտիր նախագահ Արամ Սաթյանը

Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նորընտիր նախագահ Արամ Սաթյանը

«Ազատություն»-ը զրուցել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նորընտիր նախագահ Արամ Սաթյանի հետ:

«Համաձայն չեմ այն թեզին, որ ասում է՝ ընդդիմություն: Բացատրեմ՝ ինձ ով որ ձայն տվեց, բոլորը ստեղծագործողներ էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց անցած կիրակի Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ ընտրված Արամ Սաթյանը:

Համագումարում, հիշեցնենք, Արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը՝ ստանացավ 2 քվե ավելի, քան միությունը 1993 թվականից ղեկավարող կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

«Ընտրություններում հաղթեց ճիշտ մտածելակերպը, որովհետև բոլորն ուզում են փոփոխություններ: Նրանք ուզում են նոր քամիներ լինեն, և նոր մտածողություն մտնի մեր իրականության մեջ: Որ հաղթի օրենքը, և լինի թափանցիկ յուրաքանչյուր օղակը, որը պետք է աշխատի միության մեջ: Մարդիկ արդեն հոգնել են այն ձևերից, երբ կարելի է կարգադրել, թելադրել, ուղղակի անտեսել հասարակ մարդու վիճակը», ֊ նշեց միության նորընտիր նախագահը:

Երկօրյա համագումարն անցավ փոխադարձ վեճերի, անհամաձայնությունների մթնոլորտում: Թեկնածուներից յուրաքանչյուրը, իհարկե, նախօրոք ներկայացրել էր իր ծրագրերը:

Իր ծրագրի մասին Սաթյանն ասաց․ - «Նախապես ես ներկայացրեցի մի բուկլետ, որտեղ կար իմ նախընտրական ծրագիրը: Սա էլ էր աննախադեպ երևույթ: Երբևէ չէր եղել, որ մարդիկ կարդան, մտածեն, առաջարկեն, հասկանան: Ես կարծում եմ, իմանալով ինձ, որ այն, ինչ գրված է բուկլետում, ես անպայման պետք է իրագործեմ: Ես խոսքի մարդ եմ, իմ խոսքս շատ բարձր եմ գնահատում, և եթե ես ինչ-որ բան ասել կամ գրել եմ, ես պատասխանատու եմ: Այնպես, ինչպես իմ ստեղծագործությունների, երաժշտության մեջ»:

Նա հավելեց, որ իր առաջադրումն ինքնանպատակ չէր, որ ծրագիրը կազմել էր բազմաթիվ երկրների արդեն ունեցած փորձի լուրջ ուսումնասիրության ու վերլուծության հիման վրա:

Իր պարտավորություններից հիմնականը Արամ Սաթյանը համարում է այն, որ կարողանա ապահովել, որ միությունում այլևս պառակտում չլինի, որ երիտասարդները ներգրավվեն միության աշխատանքներում, որ լսելի լինի միության յուրաքանչյուր անդամի ձայնը, կարծիքը, առաջարկը, իսկ միության ղեկավարներն էլ հնարավորինս նպաստեն կոմպոզիտորների սոցիալական, ֆինանսական վիճակի իրական բարելավմանը:

«Անհարմար է, որ կոնսերվատորիայում պրոֆեսորը ստանա 50-51 հազար դրամ աշխատավարձ: Դա ոչ թե իջեցնում է դասատուի կարգավիճակը ուսանողի առջև, դա ուղղակի անհարգալից վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, որոնք ստեղծում են հոգևոր բարիքներ և բարձրացնում են մեր մշակույթը», - ասաց նա:

Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի խոսքով՝ ընտրություններում հաղթել է արդարությունը․ - «Սա հաճախ չի պատահում մեր վերջին ժամանակների պատմության ընթացքում: Շատ ուրախ եմ, որ տեղի ունեցավ, որովհետև սա փրկությունն է մեր երաժշտության: Համոզված եմ, որ մեր Կոմպոզիտորների միությունը հիմա լիարժեք կաշխատի: Կոմպոզիտորները լիարժեք կշնչեն, ահ չեն ունենա, այլ միայն հարգանք կունենա դեպի ղեկավարները»:
XS
SM
MD
LG