Մատչելիության հղումներ

Ծառուկյան - Բաղդասարյան հակամարտությունը շարունակվում է


Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը ստորագրում են կոալիցիայի ստեղծման մասին հուշագիրրը: Փետրվար, 2011 թ․
Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը ստորագրում են կոալիցիայի ստեղծման մասին հուշագիրրը: Փետրվար, 2011 թ․

Գագիկ Ծառուկյան - Արթուր Բաղդասարյան «վոլեյբոլային հակամարտությունը» նոր թափ է ստանում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ), որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է, այսօր բավականին սուր հայտարարություն է տարածել, որով «չի ընդունում և չի ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները»:

Ինչպես այսօր տարածած տեսաուղերձում պարզաբանել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել են մի շարք խախտումներով ու բացթողումներով: Մասնավորապես, ընտրությունն անցկացվել է «պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ և ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է և հակասում է օրենքին»:

Խոսքն Ազգային անվտանգության խորհրդի շենքի մասին է, որտեղ «խիստ գաղտնիության պայմաններում» Արթուր Բաղդասարյանն ընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ։

Ըստ Ռոստոմյանի՝ արգելված է եղել «անգամ լրատվամիջոցների և կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը», իսկ «համաժողովի մասնակիցների մուտքը հսկվել է անվտանգության աշխատակիցների կողմից»:

«Ֆեդերացիայի նախագահ է ընտրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյան, նիստը կայացվել է պետական փակ ռեժիմով հաստատությունում այն դեպքում, երբ անգամ երկրի նախագահը, ով նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահն է հանդիսանում, ֆեդերացիայի նիստերին մասնակցելու համար այցելում է Շախմատի տուն, որը բաց և հասանելի է հանրության ու լրատվամիջոցների համար», - տեսաուղերձում շեշտում է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նա մատնանշում է մեկ այլ խախտում՝ ընդգծելով, որ ընտրություններն անցել են «գործադիր իշխանության ներկայացուցչի՝ Սպորտի նախարարի ուղղակի մասնակցության պայմաններում», մինչդեռ «օլիմպիական կարևորագույն սկզբունքներից մեկը ֆեդերացիաների անկախությունն է գործադիր ու իշխանության այլ ճյուղերից անկախ գործելու պահանջը»:

Հաշվի առնելով այս և այլ խախտումները՝ ՀԱՕԿ-ը զգուշացնում է, որ «նմանատիպ խայտառակ ընտրության անցկացնելու որոշումը մարզական ոլորտում հանգեցնելու է միջազգային սկանդալի»՝ վտանգի տակ դնելով երկրի հեղինակությունը․ - «Ոչ մեկի քմահաճույքը չի կարող վտանգել մեր երկրի մարզական հեղինակությունը: ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը և ամենակարևորը՝ ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից»:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսնակ Արթուր Միսակյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե որևէ խախտում տեղի չի ունեցել: Միսակյանը հաստատեց, որ Բաղդասարյանը Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է դարձել Անվտանգության խորհրդի շենքում, և պարզաբանեց․ - «Որովհետև Վոլեյբոլի ֆեդերացիան դահլիճ որպես այդպիսին չունի, իսկ մեր նիստերի դահլիճը շատ հարմարավետ է նման միջոցառում կազմակերպելու համար»:

Ինչ վերաբերում է լրագրողների մուտքը խոչընդոտելուն, ապա խոսնակի փոխանցմամբ՝ եթե լրատվամիջոցները նախապես դիմեին, ապա որևէ խոչընդոտ չէր լինի: Մինչդեռ որևէ լրատվամիջոց իրենց չի դիմել:

«Պարոն Բաղդասարյանն այս պահին ընտրված նախագահ է, իր առջև դրված խնդիրներն է իրականացնում թե՛ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, թե՛ [որպես] Վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրված նախագահ», - եզրափակեց Արթուր Միսակյանը:
XS
SM
MD
LG