Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է անում ցուցադրել հայ որբերի գորգը


ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերման, արխիվ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերման, արխիվ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը նամակ է գրել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավարին՝ քննադատության ենթարկելով հայ որբերի գործած գորգը պահեստում պահելու և չցուցադրելու Սպիտակ տան որոշումը:

Կոնգրեսականը կոչ է արել նաև գորգը մշտական ցուցադրության դնել Սմիթսոնյան թանգարանում, հայտնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Նշելով, որ այս մասունքի ցուցադրությունը Սմիթսոնյան թանգարանում կասեցվել է, քանի որ Սպիտակ տունը անհասկանալի որոշում է կայացրել գորգը չտրամադրել, կոնգրեսական Շերմանը շեշտել է, որ յուրօրինակ այդ աշխատանքը չպետք է թաքցվի պահեստներում, հակառակը՝ այն պետք է ներկայացվի Սմիթսոնյան թանգարանում մշտական ցուցադրությամբ:

«Մեր ազգային շահերից է բխում անցյալը ճանաչել և հիշելը, մենք պետք է ընդունենք և դասեր քաղենք մարդկության դեմ կատարված ողբերգական հանցագործություններից, որ որբացրին այդ գորգը գործածներին, մենք պետք է դա անենք՝ երաշխավորելու համար, որ այդ ողբերգությունն այլևս երբեք չի կրկնվի: Ես կոչ եմ անում Սպիտակ տանը պատմության այս բարդ կտորը հանել պահեստից և մշտական ցուցադրության ներկայացնել Սմիթսոնյան թանգարանում», - նամակում գրել է կոնգրեսականը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը ասել է, որ Կալիֆորնիայի և ողջ Ամերիկայի հայությունը շնորհակալություն է հայտնում կոնգրեսական Շերմանին այս սկզբունքային դիրքորոշման համար և միանում է նրա կոչին:

Հայտնի այս գորգը գործվել է ցեղասպանության հետևանքով որբ մնացած հայ մանուկների կողմից Լիբանանի Ղազին մանկատանը: Ցեղասպանությունից փրկված մանուկներին օժանդակում էր Ամերիկյան օգնության կոմիտեն Մերձավոր Արևելքում, և որպես երախտագիտություն՝ 1925 թվականին հայ որբերը իրենց գործած գորգը նվիրեցին Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին՝ ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրության համար:

Գորգը գործելու համար պահանջվել է 10 ամիս:

Հայ որբերի գործած այս գորգը ցուցադրելու պահանջները հայկական կազմակերպություններն ակտիվացրեցին Washington Post-ում օրերս մի հոդվածի հրապարակումից հետո: Հոդվածում նշվում էր, որ դեկտեմբերի 16-ին գորգը նախատեսվում էր ցուցադրել Սմիթսոնյան թանգարանի կողմից կազմակերպված Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջն ու հայ որբերի գորգը» նոր գրքի շնորհանդեսի ժամանակ: Սակայն Սպիտակ տունը մերժել էր տրամադրել արդեն շուրջ երկու տասնամյակ պահեստում պահվող այդ եզակի ձեռագործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG