Մատչելիության հղումներ

«Ոչ թե 18 հազարները կրճատեն, այլ նոր մեխանիզմներ մշակեն»


Գործազուրկներ Չարենցավանում, արխիվ
Գործազուրկներ Չարենցավանում, արխիվ

Ոչ իշխանական խմբակցությունները առաջարկներով հանդես կգան գործազրկության նպաստների վերացման մասին օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ:

Կառավարության՝ խորհրդարան բերած «Զբաղվածության մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց անցյալ շաբաթ, ևս մեկ անգամ կքննարկվի խորհրդարանում հաջորդ քառօրյայում։

Ըստ այս օրենքի նախագծի՝ հունվարից մոտ 10 հազար քաղաքացի պետք է զրկվի գործազրկության համար տրվող 18 հազար դրամ (շուրջ 45 դոլար) նպաստից, աշխատանք չունեցողները ամսական նպաստի փոխարեն պետք է վերապատրաստվեն, մասնագիտություն սովորեն և այլն։

Իշխող Հանրապետական կուսակցությունը, որը կողմ է քվեարկել նախագծին, փաստարկում է, թե պետք չէ մարդուն նպաստ տալ ու ասել՝ «հաջողություն», այլ պետք է օգնել քաղաքացուն կրթություն ստանալ ու աշխատանք գտնել։

Ոչ իշխանական բոլոր խմբակցությունները պնդում են, որ նպաստը չպետք է վերացվի։ Նույնիսկ 18 հազար դրամը մարդկանց համար էական նշանակություն ունի, ասում էին մի շարք պատգամավորներ։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մարդիկ պետք է հնարավորություն ստանան վերապատրաստվել ոչ թե նպաստ ստանալու փոխարեն, այլ՝ դրան զուգահեռ։

«Վերապատրաստումը դրան պետք է գնա զուգահեռ, և զբաղվածության խնդիրը պետք է պայմանավորված լինի, թե շուկայում կա՞ այդ կարիքը, թե՞ ոչ: Իսկ ի՞նչ է նշանակում, որ «եկեք ես ձեզ ուղարկեմ վերապատրաստվելու»․ իսկ եթե մի վեց ամիս վերապատրաստվում եմ, ու վեց ամիս հետո նաև այդ աշխատատե՞ղը չկա», - ընդգծեց Պողոսյանը:

Վերապատրաստումները կարող են անարդյունք լինել, եթե քաղաքացին անգամ դրանից հետո չկարողանա գործ գտնել, նկատեց պատգամավորը։ Բացի այդ, շարունակեց նա, մարդիկ գումարը ստանալով համակարգում ներգրավված են մնում, այս դեպքում կարող են ակտիվորեն մասնակցել նաև վերապատրաստման ծրագրերին ու փորձել աշխատանք գտել աջակցության ծրագրերի օգնությամբ, իսկ գումարից զրկվելու դեպքում վերանում է և՛ հույսը, և՛ կապը Հայաստանի հետ։

Թևան Պողոսյանը կարծում է, որ զբաղվածության ոլորտում բարեփոխումներ անհրաժեշտ են, բայց անցումայի՛ն փուլով, վերապատրաստման ու քաղաքացիներին աջակցելու համակարգ հնարավոր չէ միանգամից ստեղծել, ինչպես կառավարությունը ցանկանում է անել։

«Ոչ թե 18 հազարները կրճատեն, այլ նոր մեխանիզմներ մշակեն, թե մարդիկ ոնց կարողանան ավելի ճիշտ ձևով գիտակցեն շուկայում կարիքները, միգուցե հոգեբանորեն պատրաստ լինեն այն երևույթին, որ այն մարդը, ով, չգիտեմ, ունի բարձրագույն կրթություն, չի նշանակում, որ միայն և միայն պետք է աշխատի անպայման իր մասնագիտությամբ՝ կարող է նաև ավելի լավ աշխատանք գտնել տարբեր հմտությունների տիրապետելով աշխատատեղերի շրջանակներում, պարտադիր չէ, որ դա անպայման և միայն լինի, որ եթե, չգիտեմ, «բաժնի պետ չեմ՝ չեմ աշխատի ոչ մի տեղ», - նշեց պատգամավորը:

«Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ կառավարության խնդիրն ընդամենը ծախս կրճատելն է և ոչ թե բարեփոխումները, ինչպես ներկայացնում են։

Ոչ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս նշել էր, որ կառավարության խնդիրը միջոցներ խնայելն է, իսկ աշխատատեղերի հարցը, ըստ նրա, կլուծվի, երբ փոխվի կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը և Դաշնակցությունը նույնպես կտրուկ դեմ նպաստի կրճատմանը և հանդես են գալու առաջարկներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG