Մատչելիության հղումներ

«Հայաստանում ոչ ոք չի կարող փակել ՀՀՇ-ն, դա վիրավորական է»,- այսօր վերականգնված ՀՀՇ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։

Նոր Հայոց համազգային շարժում կուսակցության կազմավորումը, կամ, համագումարի կազմակերպիչների ձևակերպմամբ` ՀՀՇ-ի վերագրանցման գործընթացը, նախաձեռնել են Հայ ազգային կոնգրեսից տարաձայնությունների պատճառով հեռացած նախկին ՀՀՇ ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը:

Արզումանյանն իր ելույթում նշեց, որ տարաձայնություններ առաջացան 2010 թվականին ՀՀՇ 16-րդ համագումարի ժամանակ, ինչից հետո շատերը հեռացան կուսակցությունից։ Այնուհետև, նրա խոսքով, անսպասելիորեն որոշ մարդիկ, ովքեր շատ քիչ եզրեր ունեին ՀՀՇ-ի հետ, պարզապես լուծարեցին այն, հայտարարելով, որ վերանվանում են այն ՀԱԿԿ։

Հիշեցնենք` վերջին 5 տարիներին ՀԱԿ դաշինքին մաս կազմած ՀՀՇ կուսակցությունը այս տարվա փետրվարի 23-ի համագումարում վերանվանվեց Հայ ազգային կոնգրես կուսակցության:

ՀՀՇ համագումարը սկսվեց հիմնով, այնուհետև հնչեց 88-ի շարժման խորհրդանիշ շեփորի ձայնը:

Նոր ՀՀՇ-ի հիմնադիրները իրենց համարում են 20 տարի առաջ ստեղծված ՀՀՇ-ի իրավահաջորդը։ Այն դիտարկմանը, թե ՀՀՇ-ի իրավահաջորդ է իրեն համարում նաև ՀԱԿԿ-ն, Արարտ Զուրաբյանը պատասխանեց, որ այսօրվա ՀԱԿ-ի ղեկավար կազմում այն մարդիկ չեն, որոնց հետ իրենք ուղի ենք անցել։

«Լևոբ Զուրաբյանը հայտարարում է, որ իրենք են ՀՀՇ-ի իրավահաջորդը: Ես հայտարարեցի, որ նույն Լևոն Զուրաբյանը ՀՀՇ-ի փակման օրն է դարձել ՀՀՇ-ի անդամ», - նշեց Զուրաբյանը:

Համագումարին ներկա էին շուրջ 200 պատվիրակներ․ վերականգնված կուսակցության անդամներից բացի ներկա էին հյուրեր մի շարք ընդդիմադիր և ոչ իշխանական քաղաքական ուժերից, մասնավորապես՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը: Խորհրդարանական ուժերից հրավիրվել էին, սակայն չէին ներկայացել ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության կազմի մեջ մտնող ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը: Հրավիրվել էր նաև ՀՅԴ-ն։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգյանը իր ելույթում խոսեց համագործակցության անհրաժեշտության մասին: Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ առաջիկայում վերականգնված ՀՀՇ-ի և մի շարք այլ ընդդիմադիր ուժերի հետ հանդես գան համատեղ նախձեռնություններով Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի նման երկրում «քաղաքական նույն մոտեցումն ունեցող ուժերը» չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ առանձին-առանձին գործունեություն ծավալելու և ասաց` իրենք հակված են համագործակցելու:

Արարատ Զուրաբյանն էլ չբացառեց ընդդիմադիր ուժերի նոր բոլկի ստեղծումը։

«Մարդիկ, որոնք ներկա էին այսօր մեր համագումարին` այլ կուսակցությունները նկատի ունեմ, մարդիկ են, որոնց հետ մենք ճանապարհ ենք անցել, և կարծում ենք, որ այդ ճանապարհը շարունակաբար իրար հետ անցնելու ենք: Տա Աստված, որ մի օր էլ ինչ-որ մի նոր բլոկ ձևավորվի», - հավելեց նա:

Ի դեպ, ՀՀՇ հիմնադիր համագումարը ողջունել է ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա գրել է. - «Ուրախ կլինեմ, եթե քաղաքական պատկառելի կենսագրություն ունեցող այս համախոհների թիմին հաջողվի Հայաստանում վերջապես կայացնել պետականամետ լիբերալ քաղաքական բևեռը, կորիզացման կենտրոն դառնալով ազատականության գաղափարախոսության շրջանակներում դեռևս սեփական տեղը վերջնականապես չգտած ու ջլատված այլ լիբերալ ուժերի համար»:

Ինչպես նշեցին հիմնադիր համագումարի նախաձեռնողները, ՀՀՇ-ն առաջիկայում կենտրոնանալու է արտաքին և ներքին խնդիրների վրա՝ մասնավորապես անդրադառնալու են Մաքսային միությանը միանալու` իրենց բնորոշմամբ անակնկալ և Հայաստանին ոչ ձեռնտու որոշմանը և ժողովրդի վատ սոցիալական վիճակին։ Մի շարք կազմակերպչական հարցերի լուծումից հետո, ըստ համագումարի նախաձեռնողների, ՀՀՇ-ն ակտիվ քաղաքականություն կվերադառնա 2014 թվականից։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG