Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 26-ի մամուլ


«Խայտառակություն Մինսկում» վերնագրված հրապարակման մեջ «Ժամանակը» գրում է․ - «Երեկ հայտնի է դարձել, որ Մինսկում Հայաստանը պարտավորվել է չանել Մաքսային միության շահերին հակասող հայտարարություններ: Այս մասին նշվում է Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հարաբերությունների խորացման մասին հուշագրում, որ Մինսկում ստորագրել է հանձնաժողովի նախագահ վիկտոր Խրիստենկոն, իսկ ավելի ուշ կստորագրի Տիգրան Սարգսյանը: Սա այն Խրիստենկոն է, որը Հայաստանին համեմատել էր Կալինինգրադի մարզի հետ՝ ասելով, որ Հայաստանը կլինի Մաքսային միության էքսկլավը, ինչպես Կալինինգրադի մարզը Ռուսաստանում: Խրիստենկոն այս մասին հայտարարել էր այն բանից հետո, երբ Մոսկվայում Սերժ Սարգսյանը դժգոհել էր, որ ՀԱՊԿ-ի որոշ անդամներ անում են Հայաստանի շահերին հակասող քայլեր: Այսինքն՝ Հայաստանը, փաստորեն, իրավունք չունի Մաքսային միության անդամների շահերին հակասող քայլեր անելու, իսկ ահա Մաքսային միության և ՀԱՊԿ-ի անդամները նման պարտավորություններ չունեն, այսինքն՝ նրանք ազատ են Հայաստանի շահերին հակասող քայլեր անել: Այս իրողության վառ վկայություններից մեկն էլ այն էր, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հենց Մինսկից առաջ հայտարարել էր, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հարցում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը: այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանն ուղղակիորեն հայտնվում է միակողմանի պարտավորվածությունների ցանցում, իսկ ահա Հայաստանի հանդեպ քաղաքական պարտավորվածություններ Մաքսային միության անդամները չեն ստանձնում»:

«Ժողովուրդը» գրում է․ - «Հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում Արևելյան գործընկերության անդամ երկրների տարածքներում հակամարտությունների անհրաժեշտության մասին հիշեցումները, մասնավորապես՝ Ղարաբաղի հետ կապված ոչ հայանպաստ ձևակերպումները Հայաստանում գնահատվեցին որպես պատասխան Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի շրջադարձային որոշման: Այդ բանաձևում ՄԱԿ-ի 4 հակահայկական բանաձևերի հիշատակումը, բնականաբար, պատահական չէր: Առավել ևս, որ Արևելյան գործընկերության երկրներից Վրաստանի և Մոլդովայի տարածքում առկա հակամարտությունների կարգավորման սկզբունքներին անդրադարձ չկար: Հայաստանի իշխանությունները շտապեցին հիշեցնել, որ Ղարաբաղի վերաբերյալ բանաձևում տեղ գտած մոտեցումները հակասում են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը, և որ Եվրախորհրդարանի այս բանաձևը Հայաստանի համար իրավական ուժ չունի: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ սա եվրոպական կառույցներում ոչ հայանպաստ զարգացումների մեկնարկն է միայն, որը, ըստ ամենայնի, առաջիկայում էլ ավելի գործուն դրսևորումներ կունենա՝ ներառելով ոչ միայն Ղարաբաղի, այլև Ցեղասպանության ճանաչման, հայկական միգրանտների և այլ հարցեր: այս իրավիճակում գործունեության բարենպաստ դաշտ կբացվի ադրբեջանական և թուրքական լոբբիստական կազմակերպությունների համար, որոնք, ի դեպ, գնալով ավելի են ակտիվացնում իրենց ներկայությունը եվրոպական կառույցներում»:

«Հրապարակը» գրում է․ - «Բավական էր մի կեսքայլ արվեր դեպի նեոսովետիզմ, որ անմիջապես գլուխ բարձրացնեին սովետական դարաշրջանի բազում երևույթներ ու ատրիբուտներ: Սկսած ռուսաց լեզվի ու ռուսալեզու դպրոցների նկատմամբ ակնածանքից, վերջացրած սովետական շրջանի գործիչների նկատմամբ պաշտամունքով, սովետական ժամանակներին բնորոշ միջոցառումների դեժավյուով: Ով կսպասեր, որ մեզանում մի օր միջոցառումների մի ամբողջ շարք է նվիրվելու Անտոն Քոչինյանին, ով ՀԽՍՀ մինիստրների սովետի նախագահն էր 13 տարի, և ում ժողովուրդը հիշում է ինչպես լավ, այնպես էլ վատ դրսևորումներով: Չմոռանանք, որ նրան նաև Անտոն Բրիլյանտովիչ էին ասում: Երեկ Քոչինյանի կիսանդրին են կանգնեցրել Երևանի կենտրոնում, որտեղ վաղօրոք նաև փողոց էին անվանակոչել նրա անունով: Կիսանդրին էլ շատ նման է սովետի հնաբույր հուշարձաններին, որ, թվում է, անցյալի էջերից եկել-հառնել է Երևանի կենտրոնում:»:

«Չորրորդ իշխանությունը» մեկնաբանում է Գալուստ Սահակյանի վերջին դատողություններից մեկը․ - «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ ադրբեջանցիները Եվրախորհրդում կարողանում են կաշառքների միջոցով ոչ հայանպաստ բանաձևեր անցկացնել, և հայ պաշտոնյաները պետք է դրան դիմագրավելու պոտենցիալ ունենան: Փաստորեն՝ հենց Շմայսի աշխատավարձը եռապատկվի, Եվրախորհուրդը հայանպաստ բանաձևեր է ընդունելու: Ճի՞շտ հասկացանք: Թե՞ ամեն ինչ այդպես միանգամից չի լինի՝ հայ պատգամավորներն իրենց աշխատավարձի մի մասը որպես կաշառք կտան Եվրախորհրդի պատգամավորներին, հետները կոնյակ֊բան կտանեն, կհրավիրեն սուրճ խմելու, և կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը կընկնի: Գալուստ Սահակյանն, իհարկե, իրավացի է, բայց եթե այդպես է՝ պետք է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար նշանակել Սամվել Լիմինդրովիչին: Հավատացնում ենք՝ արդեն երկու շաբաթ հետո Եվրախորհրդի բոլոր պատգամավորները նիստերին կմասնակցեն կարմիր գլխարկներո և կճանաչեն ոչ միայն Ղարաբաղի ու ազատագրված տարածքների, այլև Նախիջևանի ու Ջավախքի հայկական պատկանելությունը»:

«Հայկական ժամանակը» փոխանցում է վերջերս Ազգային ժողովի աշխատակիցներին պատած մի մտահոգություն: Ըստ այդմ, խորհրդարանի գրեթե ողջ տարածքը գաղտնալսվում է․ - «Այն, որ Ազգային ժողովում արդեն տևական ժամանակ է բոլորը «կես բերան» են խոսում, բոլոր կարևոր հատվածներում անցնում համր հաղորդակցության, աչքով֊ունքով և ձեռքերի շարժումներով միմյանց բան հասկացնելուն, հայտնի է բոլորին: Այս շենքում օդի մեջ սավառնում է մի համոզմունք, որ բոլոր սենյակները, դահլիճներն ու միջանցքները պատված են «ժուչոկներով», և այնտեղ գտնվողների յուրաքանչյուր խոսք ձայնագրվում է և հայտնվում համապատասխան մարմինների սեղաններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG