Մատչելիության հղումներ

Հայաստանը պարտավորվել է ՄՄ-ի շահերին հակասող որևէ գործողություն չանել


Բելառուս -- Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը Մինսկի Անկախության պալատում, 24-ը հոկտեմբերի, 2013

Բելառուս -- Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը Մինսկի Անկախության պալատում, 24-ը հոկտեմբերի, 2013

Հայաստանը պարտավորվել է ձեռնպահ մնալ Մաքսային միության շահերին հակասող որևէ հայտարարությունից և գործողությունից: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման մասին երեկ Մինսկում ստորագրված հուշագրում:

Փաստաթղթում ասվում է, որ հաշվի առնելով Հայաստանի ցանկությունը միանալ Մաքսային միության և Միասնական տնտեսական գոտու իրավապայմանագրային բազային և հետագայում դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ՝ կողմերը եկել են մի շարք փոխհամաձայնությունների: Հուշագրում Հայաստանը հռչակում է իր մտադրությունը հետևել Մաքսային միության և միասնական տնտեսական գոտու իրավապայմանագրային բազան ձևավորող փաստաթղթերի սկզբունքներին, ինչպես նաև ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք ուղղված են Մաքսային միության և միասնական տնտեսական գոտու շահերի դեմ:

Այս փաստաթղթով Հայաստանին նաև իրավունք է տրվում ստանալ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմնի կողմից ընդունված փաստաթղթերը, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք գաղտնի տեղեկատվություն են պարունակում:

Նշենք, որ այս հուշագիրը երեկ արդեն ստորագրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ավելի ուշ այն կստորագրի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս հուշագրից բացի երեկ Մինսկում նաև ստորագրվել է որոշման նախագիծ, որի համաձայն Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն:

Այդ որոշմանը նախագիծը ստորագրել են Մաքսային միության անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես ներկա էր ստորագրմանը:

Ուշագրավ է, որ Մինսկում երեկ ստորագրված այս կարևորագույն փաստաթղթերի մասին ոչ իշխող Հանրապետականը, և ոչ էլ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները որևէ տեղեկատվություն չունեն:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG