Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր 20 միլիոն դրամով տուգանեց «ԱրմենՏել» ընկերությանը:

Ռուսաստանյան «Բիլայն» ապրանքանիշը Հայաստանում ներկայացնող «ԱրմենՏել» ՓԲԸ-ի դեմ բողոք էր ներկայացրել «Ֆրանս Տելեկոմ» խմբի հայաստանյան ներկայացուցիչը՝ «Օրանժ Արմենիան»:

Հեռահաղորդակցության, բջջային հեռախոսակապի և շարժական ինտերնետի ոլորտի երկու օպերատորների վեճի պատճառը «ԱրմենՏել»-ի գովազդն է՝ որտեղ «Բիլայնի» բրենդային դեղին ու սև զոլերով գնդակը կարմիր և նարնջագույն գնդակներին մեկ հարվածով ուղարկում է բիլիարդի զամբյուղը: «Օրանժի» գնահատմամբ, սա անբարեխիղճ գովազդ է, քանի որ մյուս երկու գնդակների գույները՝ կարմիրն ու նարնջագույնը, խորհրդանշում են, համապատասխանաբար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին և «Օրանժ Արմենիային»:

Խնդիր էր առաջացել նաև գովազդվող սակագնային փաթեթի անվանման հետ․ «Օրանժի» պնդմամբ, «Բիլայնը» կրկնօրինակել է իր «Պարզ» սակագնային փաթեթի անվանումը՝ ներկայացնելով «Պարզից պարզ» սակագնային փաթեթ:

Փաստորեն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր պարզից էլ պարզ համարեց «Բիլայնի» կողմից անբարեխիղճ գովազդ իրականացնելու հանգամանքը:

Հանձնաժողովի որոշման մեջ ոչինչ չասվեց գովազդի հետագա հեռարձակումն արգելելու մասին, սակայն «Օրանժի» ներկայացուցիչը հայտարարեց, որ հետևողական են լինելու այն եթերից հանելու հարցում:

«Բիլայնը» հանձնաժողովի նիստին չէր ներկայացել: Ընկերության հանրային կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի հրավեր չեն ստացել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից և նիստի մասին տեղեկացել են ԶԼՄ-ներից:

«Սպասում ենք հիմա որոշման վերջնական տեքստին, որը պետք է մեզ ուղարկվի, որպեսզի մեր վերջնական դիրքորոշումը պատահածի վերաբերյալ հայտնենք», - նշեց Բեղլոյանը՝ հավելելով․ - «Ասեմ, որ որոշումը, մեղմ ասած, շատ զարմանալի է մեզ համար»:

«Բիլայնը» հանձնաժողովի որոշման հետ համամիտ չէ, ընկերությունն իրեն մեղավոր չի ճանաչում անբարեխիղճ գովազ իրականացնելու մեջ: Ավելին՝ խնդրահարույց գովազդը շարունակելու են հեռարձակել այնքան ժամանակ, որքան նախատեսել են:

«Հաշվի առնելով «ԱրմենՏել» ընկերության հասույթի չափերը, 20 միլիոն դրամը չնչին գումար է և չի կարող համարվել էական տուգանք», - ասում է «168 ժամի» տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը մեզ հետ զրույցում:

Պատասխանելով մեր այն հարցին արդյոք սա փորձ է գոնե ցույց տալու թե մրցակցային դաշտը բարելավելու ուղղությամբ փորձեր են արվում, Թունյանն ասաց, թե հեռահաղորդակցությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ մրցակցությունը քիչ թե շատ նորմալ պայմաններում է: Ավելին՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դերակատարությունն այս հարցում շատ չնչին է:

«Դաշտը ազատականացնելու համար պետք է սահմանել լուրջ տուգանքներ, ավելին տուգանել այն մարդկանց, ովքեր այսօր մի ամբողջ ոլորտի մենաշնորհն են վայելում: Սակայն եթե մենք արդար մրցակցային պայմաններ ենք ուզում, դրա համար պետք է առաջին հերթին արդար դատաիրավական համակարգ ունենալ», -ասում է «168 ժամ» թերթի մեկնաբանը, - «ՏՄՊՊՀ-ն հովանավորչական մեխանիզմ ունեցող տնտեսության մեջ շատ քիչ դեր է խաղում, որովհետև մենք տեսնում ենք՝ նույն ընկերությանը գերիշխող դիրքի կամ սպառողին մոլորեցնելու համար մի քանի միլիոն դրամով տուգանում են, այդ ընկերությունը շարունակում է նույն կերպ գործել»:
XS
SM
MD
LG