Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազությունը հերքում է կադրային ջարդի մասին պնդումները


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

«Գևորգ Կոստանյանը դեռևս դատախազության որևէ պաշտոնյայի չի ազատել իր զբաղեցրած պաշտոնից», - ասված է գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Հայաստանի գլխավոր դատախազությունը անհիմն է որակում դատախազությունում կադրային ջարդի մասին մամուլում հրապարակված մեկնաբանությունները և «անհարկի շահարկումները»:

«Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` Ազգային ժողովում, պատգամավորների հետ հանդիպումների, և ՀՀ գլխավոր դատախազությունում, առաջին իսկ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ինքը չի առաջնորդվելու յուրայիններ կամ օտարներ սկզբունքով, բոլորն իր համար յուրային են: Միաժամանակ պարոն Գևորգ Կոստանյանը, համակարգի աշխատակիցներին առաջադրեց նոր պայմաններ, նոր մոտեցումներ, պահանջով, որ առաջադրված պայմանները կատարվեն, լինեն շիտակ, ունենան մասնագիտական բարձր պատրաստվածություն, և ցանկացած մարդ, ով ազնիվ ու աշխատասեր է, միշտ առանց որևէ խոչընդոտի կշարունակի իր պաշտոնավարումը, իսկ այդ սկզբունքներին չհամապատասխանող մարդը կզրկվի իր պաշտոնից», - երեկ երեկոյան տարածած հաղորդագրությունում նշում է գլխավոր դատախազությունը՝ միաժամանակ հատուկ շեշտելով, որ «մինչ այս, ՀՀ դատախազության համակարգում կատարված փոփոխությունները որևէ կապ չունեն ՀՀ գլխավոր դատախազի առաջադրած պայմանների կատարման հետ»:

«Պարոն Գևորգ Կոստանյանը դեռևս դատախազության որևէ պաշտոնյայի չի ազատել իր զբաղեցրած պաշտոնից: Բոլոր պաշտոնաթող աշխատակիցները ազատվել են իրենց անձնական դիմումների համաձայն: Նրանցից շատերը, զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, հստակ ներկայացրել են աշխատանքից ազատվելու պատճառները, այն է՝ երկարամյա կենսաթոշակի անցնելու, հանգստի գնալու, առողջական վիճակի կամ այլ աշխատանքով զբաղվելու ցանկությամբ», - ասված է հաղորդագրությունում, - «Կասկածի տակ առնել դատախազական աշխատանքի երկարամյա վաստակ ու պետական բազում պարգևներ ստացած մարդկանց հայտարարությունները, կարծում ենք կոռեկտ չէ»:

«Կադրային փոփոխություններում անձնական դրդապատճառների բացակայության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից այսօր ղեկավար պաշտոններում նշանակվող դատախազները ևս նույն համակարգի երկարամյա աշխատողներ են: Հրապարակային արձագանքները նոր նշանակված դատախազների պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշների վերաբերյալ, որը միմիայն դրական է, ուղղակի վկայությունն է, որ ինքնանպատակ կամ այլ սուբյեկտիվ պատճառներով փոփոխություններ դատախազության համակարգում չեն կատարվում», - ասված է հաղորդագրությունում:

«Այսուհետ, երբ որևէ դատախազ, ով աշխատանքից կազատվի ոչ թե սեփական դիմումի համաձայն,, այլ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, կամ կենթարկվի այլ կարգապահական տույժի` հանրությունը պատշաճ կիրազեկվի հեռացման պատճառների և ստացած կարգապահական տույժերի մասին», - խոստանում է գլխավոր դատախազությունը:

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի նշանակումից հետո դատախազությունում աշխատանքից ազատվել են արդեն շուրջ մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG