Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործի նոր քննությունում հնարավոր է կտրուկ շրջադարձ


Թուրքիա - Հրանտ Դինքի բարեկամները ակցիա են անցկացնում դատարանի շենքի մոտ` «Այս դատավարությունը չպետք է նման ձեւով ավարտվի» կարգախոսով, Ստամբուլ, 17-ը հունվարի, 2012թ.

Թուրքիա - Հրանտ Դինքի բարեկամները ակցիա են անցկացնում դատարանի շենքի մոտ` «Այս դատավարությունը չպետք է նման ձեւով ավարտվի» կարգախոսով, Ստամբուլ, 17-ը հունվարի, 2012թ.

Երկու օր առաջ ձերբակալված Էրհան Թունջելը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:

Հրանտ Դինքի սպանության գործի նոր քննությունում հնարավոր է կտրուկ շրջադարձ տեղի ունենա, բացահայտվեն նոր անուններ, որոնք առնչություն են ունեցել 2007 թվականի հունվարին «Ագոս»-ի խմբագրապետի սպանությանը:

Հինգշաբթի օրը «Անադոլու» գործակալությունը, թուրքական մյուս լրատվամիջոցները հաղորդեցին, որ նախօրեին ձերբակալվել է ոստիկանական ուժերի նախկին ինֆորմատոր, գաղտի գործակալ Էրհան Թունջելը, իսկ հինգշաբթի օրը Ստամբուլի բարձրագույն քրեական դատարանը նրան կալանելու որոշում է կայացրել: Ինքը Թունջելը մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, թե կբացահայտի բոլորի անունները, ում հետ կապի մեջ է եղել, և մի շարք այլ ուշագրավ հայտարարություններ է արել:

Էրհան Թունջելը Դինքի սպանության գործում այն հիմնական կասկածյալն է, որի միջոցով կարող է ապացուցվել պետական ապարատի կապը Դինքի սպանության հետ, գրում է Hurriyet Daily News-ը:

Հիշեցնենք՝ 2011 թվականին սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթին Ստամբուլի դատարանը դատապարտել է 23 տարվա ազատազրկման․ հանցագործությունը կատարելու պահին Սամասթի 18 տարին չէր լրացել, և նա ստացավ անչափահասների համար նախատեսված առավելագույն պատիժը: Իսկ մեկ տարի անց Յասին Հայալը սպանությունը կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Դինքի սպանության գործով անցնում էին նաև մեկ տասնյակից ավելի կասկածյալներ, այդ թվում՝ նույն Էրհան Թունջելը, սակայն անցած տարի դատարանը արդարացրեց նրանց՝ գտնելով, որ որևէ հանցավոր կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքները անհիմն են, Դինքի սպանությունը կատարողները գործել են միայնակ:

Այս տարվա մայիսին Թուրքիայի բարձրագույն վերաքննիչ դատարանը չեղյալ համարեց այդ որոշումը և վճռեց նոր ընթացք տալ քննությանը:

Թուրքիայի ամենահայտնի դատախազներից մեկը` Մուամեր Աքքաշը նշել էր, որ առաջիկայում Դինքի սպանության գործով անցնող բոլոր առանցքային դերակատարություն ունեցող անձինք կրկին կհարցաքննվեն:

Անցած չորեքշաբթի, երբ Ստամբուլի առանձնատներից մեկում ձերբակալվեց Էրհան Թունջելը, Star թերթը հրապարակել էր Թունջելի հետ հարցազրույցը:

Հարցազրույցում Թունջելն ասել է, թե չի թաքնվում քննությունից, այլ նախապատրաստում է իր պաշտպանությունը, որն ավարտելուց հետո ինքը կհանձնվի իրավապահներին:

Նա բավական ուշագրավ հայտարարություններ է արել՝ ասելով, թե կբացահայտի բոլորի անունները, ում հետ կապ է ունեցել, ասել է, որ Դինքի սպանության գործում մեծ դերակատարություն է ունեցել ժանդարմերիան՝ ռազմական ոստիկանությունը: Մասնավորապես, նա մատնացույց է արել Տրապիզոնի ժանդարմերիան, որի գաղտնի գործակալներից էր նախկինում:

Էրհան Թունջելը նաև պնդել է, որ մի կազմակերպություն կա, որը կանխում է ճշմարտության բացահայտումը, չի թողնում, որ այդ գործի վրա լույս սփռվի, և նա պնդում է, որ այդ կազմակերպությունը մոտ է կանգնած պետությանը և ավելի բարձր է, քան «Էրգենեկոն»-ը:

Նա հայտարարել է, թե այդ ամենի մեջ ինքն ընդամենը փոքր օղակ է:

Երբ ոստիկանները ձերբակալված Թունջելին տանում էին ոստիկանական բաժանմունք, այնտեղ հավաքված լրագրողներին նա ասել է․ - «Սա է այն գինը, որ վճարում եմ իմ երկրին ծառայելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG