Մատչելիության հղումներ

«Հայաստանը պետք է անցնի ինտեգրացիայի նույն ճանապարհը, ինչ ՄՄ երկրները»


Բելառուս -- ՄՄ անդամ երկրների նախագահներ (ձախից՝ աջ) Նուսուլթան Նազարբաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահի նստավայրում, 24-ը հոկտեմբերի, 2013

Բելառուս -- ՄՄ անդամ երկրների նախագահներ (ձախից՝ աջ) Նուսուլթան Նազարբաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահի նստավայրում, 24-ը հոկտեմբերի, 2013

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Մաքսային միության ղեկավար գլխավոր մարմնի` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը` նեղ շրջանակով:

Հանդիպման ընթացքում Մաքսային միության անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները քննարկել են Եվրասիական միության մասին պայմանագրի հարցը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրոպական տնտեսական միության պայմանգիրը պետք է արտացոլի իրենց փոխհարաբերությունների երկարաժամկետ նպատակները և ինտեգրացիայի նոր որակը, որը կտարբերվի Մաքսային միությունից:

Պուտինը ասել է, որ Եվրասիական Միության կազմ մտնող երկրները տնտեսական կարգավորման առանցքային ոլորտներում պետք է վարեն համաձայնեցված քաղաքականություն:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է նաև, որ Եվրասիական տնտեսական միությունը կոչված է առավելագույնս ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:

Ստեղծվելիք Եվրասիական միության կազմում երկրների ինքնավարության մասին ուշագրավ հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, թե պետք չէ վախենալ վերպետական մակարդակի կառույցին լրացուցիչ լիազորություններ տալուց:

«Ինքնիշխանությունը սրբապատկեր չէ, ամեն ինչ իր գինն ունի, եթե մենք ցանկանում ենք ավելի լավ ապրել, ապա պետք է ինչ-որ բան զիջել, ինչ-որ բան պետք է զոհել, կարևորը՝ մարդկանց բարեկեցությունն է»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Անդրադառնալով Մաքսային միության ընդլայնման հեռանկարին, մասնավորապես, Հայաստանի անդամակցությանը, Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը անկասկած ողջունում է Մաքսային միությանը նոր անդամների միանալը, քանի որ դա միությունն ավելի կայուն է դարձնում:

«Այդ պատճառով մեր միության դռները մշտապես բաց են նաև այլ երկրների համար, սակայն միևնույն ժամանակ պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանը, և այլ երկրներ, պետք է անցնեն ինտեգրացիայի այն նույն ճանապարհը, որը արդեն անցել են Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը, և իրենց վրա պետք է վերցնեն պատասխանատվությունը իր ողջ ծավալով՝ առանց բացառությունների։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա կարևոր է, որ այդ երկիրը շարժվելով դեպի Եվրոպական միություն՝ իր համար չփակի նաև Մաքսային միությանը մասնակցելու հնարավորությունը: Սրանք հեշտ հարցեր չեն, և մենք այսօր պետք է դրանց վերաբերյալ գտնենք հավասարակշռված լուծումներ, մենք պետք է մեր կառավարություններին հստակ ազդանշան տանք, թե որ ուղղությամբ է պետք առաջիկայում շարժվել»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Ղազախստանի նախագահ Նոսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ շատ երկրներ են հետաքրքրվում Եվրասիական միությամբ, օրինակ, ինքը լսել է, որ Սիրիան է ցանկություն հայտնել անդամակցել ու նաև Թուրքիան. անգամ այդ երկրի վարչապետ Ռեջեփ էրդողանը իրեն հարցրել է՝ կարո՞ղ է Թուրքան էլ անդամակցել միությանը:

Նազարբաևը նշել է, որ Թուրքիայի հետ ընդհանուր սահմաններ ունեն, և այդ կերպ նաև հնարավոր կլինի վերջ դնել Արևմուտքից հնչող քննադատությանը, թե Մաքսային միությամբ իրենք ցանկանում են վերականգնել Խորհրդային Միությունը:

Ակնկալվում է, որ նիստի ընդլայնված կազմով հանդիպմանը կմիանան նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Ղրղըզստանի առաջին փոխվաչապետը. այդ երկրի նախագահը չի ժամանել Բելառուս, քանի որ երկու երկրները խնդիրներ ունեն:

Օրակագում, ինչպես նշում է Եվրասիական լրատվական կայքը, նաև Հայաստնի՝ Մաքսային միությանը անդամակցության հարցի քննարկումն է: Չի բացառվում, որ Հայաստանը միությանը անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնի:

Նիստի ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ պետք է շատ նուրբ մոտենալ Մաքսային միության ընդլայնման հարցին և բոլոր պոտենցիալ թեկնածուներին ներկայացնել նույն պահանջները:

Բելառուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինտեգրացիայի հարցով խորհրդական Սերգեյ Գլազևը կարծիք է հայտնել, որ գործընթացը ժամանակատար է, սակայն թե Հայաստանը, և թե Ղրղըզստանը, որը ևս ցանկանում է Մաքսային միության անդամ դառնալ, կարող են մաքսային եռյակը վերածել հնգյակի:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս երկիրը ԵվրԱզԷս-ում այժմ միայն դիտորդ անդամ է և այդ պատճառով զուտ ֆորմալ առումով Հայաստանը նախ պետք է անդամակցի ԵվրԱզԷս-ին, չնայած այդ քայլը կարող է և անհրաժեշտ չլինել, եթե Հայաստանը միանգամից ցանկանա մտնել Եվասիական տնտեսական միություն»,- ասել է Գլազևը։

Գլազևը նշել է, որ Հայաստանը ևս պետք է նույն ինտեգրացիոն ճանապարհն անցնի, ինչ-որ պատրաստվում է Ղրղըզստանի համար: Հնարավոր է, որ այսօր արդեն Ղրղըզստանին ներկայացվի Եվրասիական միությանն ինտեգրվելու ճանապարհային քարտեզը:

Ինչ վերաբերում է Եվրասիական միության տարածքում միասնական արժութային գոտու և ընդհանուր հարկային համակարգի ստեղծմանը, Գլազևը բելառուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հերքել է այսպիսի հնարավորությունը:

«Մենք չենք ծրագրում ստեղծել արժութային միություն, մենք կպահպանենք մեր ազգային արժույթները, չենք ծրագրում նաև հարկային ողջ համակարգը նույնականացնել, համապատասխանեցվելու են միայն անուղղակի հարկերը, որ պետք է գանձվեն սահմանին»,- հայտարարել է Պուտինի խորհրդականը։
XS
SM
MD
LG